կարող ուղեկիցներին և ընդունակ են անգլիացիներին անգամ շատախոս դարձնելու։
— Ւնչպես երևում է, Թիֆլիսից եք գալիս,— դիմեց ինձ հրեան։
Եվ, բավարար պատասխան ստանալով, նա դարձավ Ալթունովին։
— Դուք նույնպե՞ս։
Հայրենակիցս իսկույնևեթ կակղեց և խզեց իր լռությունը։ Եվ սկսվեց։ Մի ժամ չանցած նա արդեն բարեկամացել էր երկու տարբեր տիպերի հետ։
Մասնավորից սկսելով, Ալթունովն անցավ հասարակական խնդիրներին։ Թողնելով հասարակականը, վազեց դեպի քաղաքականը, այնտեղից դեպի՝ կրոնականը։ Որոնեց, գտավ և որոշեց նախաքրիստոնեական եբրայեցիների կատարած հսկայական դերը պատմության մեջ, հատկացնելով այդ դերին ամենափայլուն էջեր։ Աստվածաշունչը համարելով գիրք գրոց, Թալմուդը դրեց ավետարանի կողքին ու երկուսին էլ հավասար երկրպագեց։ Չլինեին նրանք, կռապաշտությունը պիտի թագավորեր մինչև այժմ ամենուրեք և նրա հետ միասին բարբարոսությունը։
Բաց թողնելով պատմության օձիքը, Ալթունովն անցավ դեպի ներկա և մի քանի թեթև վերապահումներով դարձյալ հրեաներին նստեցրեց ազգերի գլխին։ Ինչ ուզում են թող ասեն օբսկուրանտները, ոչ գիտություն, ոչ ճարտարվեստ, ոչ արդյունաբերություն, ոչ առևտուր, ոչ արվեստներ, ոչ գրականություն և ոչ նույնիսկ բարոյականություն չեն կարող գոյություն ունենալ առանց հրեաների։ Նրանք են ամենախելոք, ամենաաշխատասեր, ամենատաղանդավոր, ամենա․․․ և այլն, և այլն, և այլն ազգը։ Դա մի սովորական ազգ չէ, այլ մարմնացած հանճարը մարդկության, այսպես ասած, նրա մտավոր կվինտ էսենցիան։ Սուտ է, թե հրեաները հարստահարիչներ են, վաշխառուներ և այլն։ Դա թուլամորթների նախանձի արդյունք է․․․ Սուտ է, թե նրանք մաքրասեր չեն և ինչ-որ հատկանիշ հոտ ունին. նրանք եվրոպական որ ազգի հետ ասես կարող են մրցել գործածած սապոնի քանակով։
Վերջապես սուտ է, թե նրանք փողասեր են․․․
— Ներողություն,— ընդհատեց հայրենակցիս ոգևորությունը շիկահեր հրեան,— այդ մեկը սուտ չէ։ Մենք փող սիրում ենք։
— Այո՛, կարելի է, բայց հայերը ձեզանից ավելի փողասեր են։
— Գուցե, ես հայերին լավ չեմ ճանաչում։
Իսկ ես շատ լավ եմ ճանաչում։