Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այսպես մի ամբողջ օր ու երեկո Արկադիյ Մարկովիչ Ալթունովը շոյեց, շողոքորթեց իր ուղեկիցներին։

Մի անգամ երբ նա իջել էր ինչ—որ կայարանում թեյ խմելու, մորուքավոր ու սևահեր հրեան ինձ հարցրեց.

— Ասացեք խնդրեմ, դուք հա՞յ եք։

— Այո։

— Իսկ այդ մա՞րդը։

— Նույնպես հայ է։

— Դուք համաձա՞յն եք նրա բոլոր գովասանքներին հրեաների վերաբերյալ։

— Ոչ լիովին։

— Ես նույնպես համաձայն չեմ շատ բաների հետ,— ասաց հրեան ժպտալով։

Հասանք վերջապես Ռոստով։

Ալթունովը հրեաների հետ իջավ գնացքից։

Երբ նա ինձ ողջերթ մաղթելով, ձեռքս սեղմում էր, ես մի րոպե պահեցի նրան և հարցրի.

— Դուք բոլոր ազգերին գովերգեցիք, բոլորին էլ պարսավեցիք, ասացեք խնդրեմ, դուք ինքներդ ի՞նչ եք։

— Կոսմոպոլի՛տ,— պատասխանեց Ալթունովը հանգիստ ու հեռացավ։