Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավականաչափ զորեղ հիմք՝ աղքատությունը պաշտպանելու համար։ Միայն կրկնում էր.

— Դու ինձնից ազնվություն պահանջիր և ոչ հարստություն։

Շողիկն ամեն անգամ կծու հեգնանքով ժպտում էր, այդ դարձվածքը լսելիս։ Մի անգամ այնպես կատաղեց, որ ասաց.

— Մի զույգ կոշիկներ երեխայիս համար ավելի թանկ արժե իմ աչքում, քան քո ազնվությունը։

Սիմոնը մի հոգս և մի փափագ միայն ուներ՝ ինչպես և է տալ Վահանին բարձր ուսում։ Իր լավագույն հույսերը նրա վրա էր դրել։ Էհ, մինչև այժմ մի կերպ ապրել են, էլի կապրեն մի քանի տարի։ Ահա Վահանն արդեն հինգերորդ դասարանումն է, երկու տարուց հետո նա կլինի համալսարանում և մեկ էլ տեսար մի օր ավարտեց ու եկավ բժիշկ կամ իրավաբան՝ միևնույն է։ Այն ժամանակ նա կխոսե Շողիկի հետ։

— Մինչև նրա գալը ես կգնամ մյուս աշխարհը,― ասում էր անհաշտ կինը և շարունակում էր կրծոտել Սիմոնի համբերությունը։

Վերջին ժամանակ Սիմոնը շատ անհանգիստ էր։ Բանն այն է, որ Վահանը ծուլացել էր, առաջվա սիրով չէր հետևում իր դասերին։ Արդեն երկու անգամ Սիմոնին կանչել էին դպրոց և այդ մասին հայտնել։

Սիմոնը սովոր չէր իր զավակներին ծեծով կրթելու։ Նա գիտեր, որ ծեծն առհասարակ խրատելու ու կրթելու միջոց չէ։ Նա միշտ հիշում էր մի գրքույկում կարդացածը, թե Զվիցերիայում կենդանիներին անգամ չեն ծեծում։

— Երեխաներին պիտի սովորեցնել հարգել ու սիրել ծնողներին և ոչ թե վախենալ նրանցից,― ասում էր նա հաճախ Շողիկին, որ այս դեպքում ևս համաձայն չէր նրա հետ և մեկ-մեկ ծվծվացնում էր իր փոքրիկներին։

Եվ նա ինքն աշխատում էր խոսքով ուղղել Վահանին։ Սակայն երբեմն չէր կարողանում կատաղությունը զսպել և իր խրատները ավարտում էր սպառնալիքով։

— Եթե քեզ դպրոցից դուրս անեն, քեզ կսպանեմ։

Վահանը, որ արտաքուստ իր մոր պատճենն էր իր լայն երեսով, նեղ ճակատով, տափակ քթով ու իրարից շատ հեռու տեղավորված աչքերով, լսում էր նրան լուռ, գլուխը կրծքին թեքած։ Նա միանգամայն հանգիստ էր, որ Սիմոնը երբեք ձեռ չի բարձրացնի որդու վրա։ Քի՞չ կան փողոցում թափառող ծույլ տղաներ, որոնց զրկել են ուսումից. ո՞ր մեկն է սպանվել դրա պատճառով։ Բայց Վահանը բացի ծույլ լինելուց՝ և անհանգիստ էր ու չար։ Ինքը դասերը չպատրաստելով, խանգարում էր և ընկերներին։