— Ասում եմ, կատակ մի անիլ, ես գիժ մարդ եմ։
— Ի՞նչ եք ուզում,— հարցրի ես, տեսնելով, որ այլևս շարժել եմ իմ գոռոզ հարևանի հետաքրքրությունը։
— Ուզում եմ, որ դու այստեղից կորչես, քանի որ դեռ գլուխդ չեմ ջարդել։
— Ո՞ւր կհրամայեք կորչել, ձերդ վաճառականական գերազանցություն։
— Ուր ուզում ես, թեկուզ Երուսաղեմ։ Ես արդեն զզվել եմ քո հոտից։
— Անցագիրս տվեք, գնամ։
— Որքան արժե։
— Հազար երկու հարյուր։
— Ա՜խ, դու սատանայի ռեխ եբրայեցի։
— Այդ միայն տուգանքն է։
— Էլ ի՞նչ ես ուզում:
— Մի՞թե չգիտեք, ձերդ մեծապատվություն, խանութիս վերանորոգման ծախքը։ Ուղիղ ինը հարյուր ռուբլի էլ այն է։
— Ես քո դունչը կջախջախեմ, անիծյալ Հուդա Իսկարիովտացի,— բռնկվեց Ագրինցևը։
— Ջախջախեցեք, Սերգեյ Պախոմովիչ, բայց ամեն մի դունչ որքան էլ ատելի լինի, ուտել է ուզում։
Նա մի քանի օր գոռգոռաց, հայհոյեց պապերիս, նախահայրերիս, կրոնս, հավատս, բայց համաձայնվեց վճարել թե տուգանքը և թե ծախսերս։ Ինձ էլ միայն այդ էր հարկավոր։ Խանութս դատարկեցի, բայց ես իմ գործն արդեն տեսել էի, դիմացի տանը, ուղիղ Ագրինցևի դեմ ու դեմ վարձել էի չորս աչք։
Գործը շատ բարդ չէր, որ մեծ դժվարություն քաշեի։ Ապրանք շուտով ստացա Վարշավայից։ Իսկ ընկերս հրաշքներ էր գործում Սիբիրում։ Մի տարի անցած նա գրավեց մի քանի խոշոր առևտրական տներ և ձեռք բերեց մեծ վարկ։ Դա մի զարմանալի հաջողություն էր. ունենալով ընդամենը յոթ հազար ռուբլի դրամագլուխ, վայելում էինք հիսուն հազար վարկ։ Բայց հաջողությունը մեզ չմոլորեցրեց. վճռեցինք արթուն լինել և գործն ընդարձակել պահանջի համեմատ։ Բախտը ժպտում էր մեզ, մենք շատ շուտով անցանք