Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքի հայտնի վաճառականների շարքը։ Ա՜խ, երջանիկ օրեր, որ այնքան թանկ արժեցաք ինձ ապագայում…

Հրեան տխուր հառաչեց և ձեռով դրստեց իր լայն ճակատը։

Կառախումբը կանգ էր առել։ Մի քանի ճամփորդներ դուրս եկան, նրանց փոխարինեցին նորերը։ Եկան, ի միջի այլոց, նաև երկու նիհար և խիստ միմյանց նման երիտասարդներ՝ լայն վերարկուներով և փոքր գլխարկներով։ Դես անցան, դեն անցան և վերջը կանգնեցին անցքում ու սկսեցին զննել ուղևորներին։

Ֆեյլդմանը կապկի արագությամբ մոտեցավ մեզ և շշնջաց.

— Գրպանահատներ են, որսի են եկել։

Վերջապես աղմուկը հանդարտվեց, հարևանս շարունակեց.

— Ագրինցևը սկզբում մեզ վերաբերվում էր արհամարհանքով։ «Տե՛ս, այդ քոսոտ երուսաղեմցիները ուզում են մրցել Ագրինցևի հետ։ Չգիտեն, որ կարող եմ կոշկիս քթով նրանց կոյանոց շպրտել»։

Ճիշտ այս խոսքերն էր նա ասել իմ բարեկամներից մեկին։ Եվ ուշադրություն չէր դարձնում մեզ վրա, մինչև անգամ մեր խանութի կողմը չէր նայում։ Իսկ ես, ընդհակառակը, առաջվա պես խոնարհ էի ու համեստ։ Գլուխ էի տալիս Ագրինցևին ամեն անգամ պատահելիս այնպես, ինչպես մենք՝ հրեաներս միայն սովոր ենք գլուխ տալ։ Հիշում էի հանգուցյալ հորս խոսքերը. «Տե՞ս, չլինի թե կյանքումդ շահես որևէ քրիստոնեի թշնամություն։ Միշտ խոնարհվիր, միշտ գետնին նայիր, այդ քեզ չի ստորացնիլ, բայց կպաշտպանե փորձանքներից»։

Եվ խոնարհվում էի։ Միևնույն ժամանակ աշխատում էի ամենայն եռանդով։ Այժմ հասարակ դերձակի գլուխը ներկայացնում էր խոշոր հաշիվների և պես-պես ծրագրերի շտեմարան։ Շմուլ Մոզերն ինձանից ավելի հանդուգն էր. միշտ դրդում էր լայնացնել ու լայնացնել գործը։ Ապրուստիս մեջ շատ քիչ փոփոխություն էի մտցրել։ Հագնվում էի առաջվա պես համեստ, բայց այլևս ինքս չէի կարում ինձ համար. ժամանակն ավելի թանկ արժեր։ Ընտանիքս այժմ