Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ են երեսիս շպրտել՝ «անհավատ, հեթանոս, կապիկի դունչ, քոսոտ շուն» և այլն, և այլն։ Այզելման, կուլ տուր մանկությունից սկսած մինչև գերեզման, որովհետև կուլ է տվել քո հայրն էլ, քո պապն է, քո ամբողջ ցեղը, դարե՜ր շարունակ։

— Ա՜խ, քրիստոնյա պարոն,— գոչեց նա, հանկարծ բորբոքվելով և տեղից վեր թռչելով,— երկու հազար տարի է մեզ հայհոյում եք և անարգում, ի՞նչ եք առաջացրել, ասացեք։ Եվ ովքե՛ր են անարգում, Աբրահամի և Մովսիսի աստվա՜ծ, բոլոր աստվածներից վեհը։ Մարդկության տականքը՝ կաշառակեր պաշտոնյաները, գող գանձապետները, լրտեսները, արբշիռները, որդերը, աղբակույտի ճանճերը, կոյանոցի սողունները։ Արարածնե՜ր, որոնցից գեհենը պիտի գարշի և Կայենը զազրի։ Մարդասեր Եհովա, գոռոզանում են իրենց խաչով, չեն ուզում հասկանալ, որ այդ խաչը մենք ենք կառուցել։ Հալածում են մեզ մի մարդասերի անունով, և չեն ուզում հասկանալ, որ նա ինքն արյան գնով կռվել է հալածանքի դեմ։ Ես հարցնում եմ. ո՞ւր էին այդ քրիստոնյաները, երբ մենք պաշտում էինք իսկական աստծուն, երբ դավանում էինք կրոններից բարձրագույնը, երբ ունեինք իմաստուններ և մարգարեներ… Գլուխներ ենք տվել աշխարհին, որոնց միշտ պիտի երկրպագություն տաք, ո՜վ գոռոզներ և ամբարտավաններ։ Ահա՛ հենց այժմ սկսվել է մի մեծ շարժում, որ պիտի տակնուվրա անի մարդկության կյանքը։ Աա՜, դուք կարծում եք, որ մենք վաճառականներ լինելով՝ իսկի բան չենք հասկանում սոցիալիզմից։ Ո՞վ է նրա առաջին մարգարեն։ Դարձյալ մի հրեա։ Իսկ սիոնի՜զմը։ Աա՜, այժմ այլևս չե՞ք ծաղրում, ով քրիստոնյաներ։ Սպասեցեք, ամբարտավաններ, եթե հին Երուսաղեմը չգրավենք, նորը կկառուցենք…

— Մի միլիարդ չորս հարյուր միլիոն դրամագլուխ ունեինք Ամերիկայում և Անգլիայում,— մեջ մտավ Ֆեյլդմանը,— թող այժմ էլ ասեն, թե հրեան գծուծ է, հի՛, հի՛, հի՛։ Մենք կստիպենք ձեզ հարգել մեզ, կստիպենք, հի՛, հի՛, հի՛…

— Կաց, Ֆեյլդման,— փոխեց եղանակը Այզելմանը,– ես բոլորն ասացի։ Ա՛հ, ներեցեք, պարոն, սիրտս լիքն էր։ Գիտեմ, դուք այն քրիստոնյաներից չեք, որոնց հետ խոսելն