Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջնակարգ քաղաքացիների շրջանում էր: Իսկ ա՞յժմ․․․ այժմ, ով գիտե, ո՞ւր։ Մի օր, հարգելի պարոն, պատահեց հետևյալը։ Մադմուազել, և դուք, պատանի պարոններ, լավ լսեցեք, զվարճալի է։ Որքան շատ են տանջվում ծնողները, այնքան պիտի խելոքանան զավակները։ Հենց այս է պատճառը, որ հրեան ծեր է և խոհեմ օրորոցից սկսած։

Այո, պարոն, պատահեց այն, որ ես ամբարտավանությունը ցեխի մեջ տեսա։

Նստած էի մագազինումս։ Շմուլն ու գործակատարների մի մասը գնացել էին ճաշելու։ Հանկարծ դռների առջև հայտնվեց մի մարդկային կերպարանք։ Այնքան այլանդակ էր նա, որ ես առաջին րոպեին չճանաչեցի։ Կարծեցի թափառական մուրացկաններից է, որոնց դեմքը հարատև սովը այնքան աղավաղում է։

Հարգելի պարոն, ես եղել եմ Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ճանաչում եմ Ռուսիայում կենող բոլոր ազգությունները և կարող եմ ասել, որ ոչ մի ազգ այնքան շուտ չի հաշտվում ճակատագրի հարվածների հետ, որքան ռուսը։ Երեկվա հարուստը այսօր կառապան է, և այս նրա համար կարծես սովորական բան է։ Երեկ նա շամպայն էր խմում, այսօր, փույթ չէ, սիվուխա կխմի։ «Ոչինչ»,— ասում է նա և շուտով ամեն բան մոռանում։

Դուք արդեն գուշակեցիք, որ հյուրս Ագրինցևն էր։ Հագնված էր նա այնպես, ինչպես, տեսած կլինեք, հագնվում է օղիի գերի ռուս փոքրիկ չինովնիկը, երբ պաշտոն չունի և թափառում է դատարանների առջև, սրան ու նրան իր ծառայությունն առաջարկելով։ Այն տարբերությամբ, որ չինովնիկի անցյալից մնացել է «ֆուրաշկայի» կոկարդն ու կարմիր ժապավենը, իսկ Ագրինցևի -հարստությունից՝ մի մուշտակ, հնամաշ, օձիքի մազերը թափված, փեշերն ու կուրծքը կեղտի բծերով ծածկված։

Նա հարբած չէր այդ օրը։ Դեմքը լուրջ էր, եթե կարող է այդ լուրջ լինել, ինչ ասեմ, մի մեծ կապույտ կարմրագույն ուռուցք։

— Բարով, Այզելման,— ասաց նա օղիի քայքայված ձայնով, որի մեջ, սակայն, դարձյալ զգացվում էր արհամարհանք դեպի ինձ։