Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ի տես կուգամ քեզ, իմ թըշվա՜ռ դու հայ,
Աչքով տեսնել քու քանդած տըները,
Ականջով լըսել գանգատ քու ու վայ,
Ձեռքով շոշափել քու խոր խոցերը...
5
Հեռուեն մենք շատ քեզ կարեկցեցինք,
(Չոր կարեկցություն փող լի պահանջում),
Մարդոց առջևն էլ երբեմըն լացինք,
Որպես թե Հային մենք շատ ենք սիրում։
Թե մոտ լինեինք—այնպես չէ՞, Հայեր—
10
Մեր ըստրուկ եղբարց պիտ պաշտպանեինք.
Մեզ բաժնում էին սարեր ու ձորեր,
Ասե՛ք՝ օգնության ինչպե՞ս հասնեինք...
Ունա՜յն բարբաջանք ու պատի՜ր խոսքեր,
Բոզի արտասունք, զգացմունք ըստըրկի.
15
Ավա՜ղ, անհոգի ու անսիրտ հայեր,
Լոկ խոսքով մի ազգ չի կանգնիլ ոտքի։
Վըհատի՜չ մըտքեր... բայց ես ի՜նչ անեմ,
Չունիմ ես ոսկի, որ եղբարցըս տամ.
Ույժ էլ չունիմ ես՝ նոցա պաշտպանեմ...
20
Է՜հ, կերթամ հետերն գեթ տըրտմիմ ու լամ։
|
|