Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 Բերդըն անառիկ կա սարի վըրան,
Անթիվ թընդանոթք են նորա պաշտպան,
Հայ քաջ զորականք նորան մոտեցան,
Անառիկ պարիսպք գետնին գլորեցան։
   Լոռիս այլազգյաց մեջ շա՞տ տեսած կաս,—
                      30 Ի՞նչ է մեզ պակաս։

   Ամայի դաշտ է։ Դարերէ ի վեր
Նորա մեջ կային վայրագ գազաններ։
Հենց որ Հայերի ոտքն այնտեղ հասավ,
Ամայի վայրը Աստծու դրախտ դարձավ։
   35 Շնորհազուրկ հայեր դու շա՞տ տեսած կաս,
                       Ի՞նչ է մեզ պակաս։

   Դարերե ի վեր Հայն է հալածված,
Ինչո՞ւ։ Էնդուր որ շատ է աչքաբաց...
Լումա լումայով գումար ժողովեց,
40 Անթիվ դըպրոցներ ամեն տեղ հիմնեց։
   Հայի պես խելոք շա՞տ ազգ տեսած կաս,—
                        Ի՞նչ է մեզ պակաս։

   Չէ՛, հայը չունի իր մեջ գիծ թերի,
Ամեն գործի մեջ հըմուտ է, արի.
45 Հայե՛ր, չի լինիլ անտեղի գովեստ,
Թե ձեզ անվանեմ խելոք, ժիր, համեստ.
   Միայն կըմնա ձեզ իրար սիրել,—
                        Ու աշխարհ տիրել։