Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1880



ԼԱՎ ԷՐ ԵՐԲԵՔ, ՔԱՆ ԱՆԱԳԱՆ



   Ձագեր հանեց գիժ ծիծեռնիկ
Աշնանամուտ ամսու սկզբան.
Վըրա հասան սառնամանիք...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։

   5 Հողագործը խիստ է լալիս,
Ապրիլ, մայիս անձրևը չեկան.
Արտերը ծով դարձուց հուլիս...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։

   Զավակ՝ ամուլ կին ցանկացավ,
10 — Այդ բաղձանքն է շատ բընական—
Վաթսունամյա նա հըղացավ...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։

   Կընկանեն շուտ զըրկվեցավ,
Երկար վարեց կյանք մոլեկան,
15 Արդեն թոռմած՝ ամուսնացավ...
— Լավ էր երբե՛ք, քան անագան։

   Ուսման գընաց նա տար աշխարհ,
Միշտ կարոտ էր մեր օգնության.
Փող հասուցինք՝ փոսի համար...
20 — Լավ էր երբե՛ք, քան անագան։

   Մեր վանեցին—թըշվառ, քաղցած.
Հացով լի է մեր շտեմարան.
Ա՜խ, պիտ ասենք, երբ որ տանք հաց.
— Լավ էր երբե՛ք, քան անագան։