Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ


   Ո՛րքան սիրեցի ես իմ հայրենին,
Այնքան էլ ջոկ-ջոկ ատեցի հային.
Չի տվեց ազգիս չար աստվածությունն
Ո՛չ մի ազգաշեն առաքինություն։
5 Աշխարհքըս անցի՛ր, խուզե՛, որոնե՛,
Այսքան մոլությունք, որ մեր Հայն ունե,
Ու հետո գընա ու մի զարմանալ—
Մա՞րթ էր այս բարքով այսքան դար կենալ...
Ազգատեցությո՜ւն, տիրանենգությո՜ւն,
10 Կեղծավորությո՜ւն, խոր տըգիտությո՜ւն,
Շըռայլ կյա՜նք, ազնիվ զոհե միշտ փախուստ,
Հայ եղբոր նյութող օր-գիշեր կորո՜ւստ,
Յուր հարազատին արյունը ծըծո՜ղ,
Օտարի առջև շան նըման քըծնո՜ղ,
15 Ազգը կեսվակես տերտերով լըցվա՜ծ,
Իսկ ամեն մի Հայ կրոնե զըրկվա՜ծ,
Լուսավորության իբր թե ձըգտող,—
Հայ գիտնականին հավերժ հալածո՜ղ,
Յուր անձնեն ի զատ մարդ չի ճանաչե՜լ,
20 Հանցավոր լինել ու չի ամաչել,
Չար ու բարիին լինել քաջ ծանոթ
Ու լինել ոճրի միշտ ընտիր անօթ։
Եվ այդ ազգովի՞ն... Ա՜խ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ,
Մի՞թե Հայն դորա համար էր ստեղծած։