Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՈՒՍԱՆԸ ԿՈՂՔԻՍՈԻՄ


   Ինչո՞ւ ես տխուր, դու Գողթան գավառ,
Փանդիռըդ ինչո՞ւ կախած է պատին,
Հե՞ր չես արծարծում դու դյուցազնական
Ցուցք ու երգերով սիրտը մեր ազգին։

   5 Մի՞թե ցընդել է ծերուկ Մաքոսեն
Թարմ ուժ ծավալող հինավուրց ոգին,
Թե՞ պակասել է արծաթյա թասեն
Գողթան գավառի փրփրոտ գինին։

   Գուսա՛ն, ձեռքըդ առ քու մունջ փանդիռը,
10 Լարերի վըրա մատներըդ տա՛ր, բե՛ր.
Շարժե թըշնամու դեմ մեր գրգիռը,
Իսկ դեմ հայերիս շարժե գութ ու սեր։

   Տե՛ս, Վանը, Մուշը, Բաղեշ, Արզըրում,
Ազգիս օրորոց՝ մեր բուն հայրենին.
15 Գոռ տաճկի լըծի տակ են հեծեծում—
Այդ ամենն մի՞թե ցավ չեն քու սրտին։

   Դե՛հ, գուսան, զարկ ու դողացուր լարերն
Խոսուն հոգեղեն այդ քու փանդիռին.
Երգիդ արձագանք կրկնեն մեր սուրերն,
20 Սըրտերս էլ տաճկի ոխով գըրգըռեն։

   Բոցեղեն խոսքեր թող լեզուդ տեղա,
Այրե, բորբոքն մեր սառած հոգին,
Երակներիս մեջ թարմ արյուն խաղա,—
Հայ սրտում թափե քու աշխույժ ոգին։