Էջ:Ռուսական վտանգը.pdf/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տևականորեն, անդադարորեն, որովհետև նա հենվում է միայն զենքի վրա, որովհետև նա փոքրամասնության դիկտատուրա է: «Սովետական» իշխանությունը, ինչպես և ամեն մի բռնապետական իշխանություն, պահանջում է ժողովրդական եռանդի ապարդյուն սպառում, որովհետև նա միշտ բացարձակ կամ խուլ պատերազմական վիճակի մեջ է իր երկրի ազգաբնակչության մեծագույն մասի հետ և այդ պատճառով նա հարկադրված է ազգային ուժերի շատ խոշոր մասը գործադրել ոչ թե պետության բարորության, այլ սոսկ իր իշխանության պահպանման համար:

Այդպիսի մի քաղաքական սիստեմ, այդպիսի մի պետական իշխանություն կարող է միայն կործանարար լինել ուժասպառ և արյունաքամ հայ ժողովրդի համար:

Հայ ժողովուրդը կարող է և պետք է որդեգրի միայն մի սիստեմ, որ հիմնվում է մեծամասնության կամքի վրա և որ, ուժերի նվազագույն լարումով, ընդունակ կլինի պահպանել երկրի ներքին խաղաղությունը:

Աշխարհիս երեսին այդպիսի մեկ սիստեմ կա միայն, և դա դեմոկրատիան, ռամկավարական հանրապետությունն է:

Փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնությանը:

Այս է հրահանգում մարդկային պատմության իմաստությունը: Այս է պահանջում և՛ մեր հայրենիքի, մեր ազգի շահը:

Այդ առողջ քաղաքական սկզբունքի վրա է կառուցված մեր ռամկավար հանրապետության շենքը, և մենք ոչ մի հիմք, ոչ մի շահ չունենք հեղաշրջելու այն և յորացնելու «սովետական» սիստեմը:

Սակայն եթե ռուս պետականությունը խորապես ազդել է մեր հանրային մտքի վրա, անհամեմատ ավելի խոր արմատներ է գցել մեր ժողովրդի, մանավանդ վերին խավերի հոգու մեջ ռուսական կուլտուրան:

Ահա թե ինչու ռուսական կուլտուրայի, ռուս կուլտուրական արժեքների վերագնահատությունն այսօր, երբ հայությունը իր ազգային ազատ զարգացման հիմքերն է դնում, դառնում է մի ծայր աստիճան հրատապ խնդիր, հրամայական պահանջ: Պետք է որ այդ կողմից ևս մենք ճշտենք մեր դիրքերը, պարզենք մեր վերաբերմունքը, ձևակերպենք մեր ազգային շահերին