Էջ:Ռուսական վտանգը.pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իշխում էր սլավոնական մեղկ, անվճռական, անգործնական և կազմազուրկ ոգին: Նրանք երբեք տերը չդարձան ռուսական բիրտ իրականության. նրանք մինչև վերջը մնացին երազողներ, փիլիսոփաներ, բայց երբեք չեղան ռեալ քաղաքականություն վարող պետական գործիչներ:

Այդ երեք կուսակցությունների մեջ գրեթե ամփոփված էր ռուսական ամբողջ լավագույն ինտելիգենցիան:

Այդ երեք կուսակցությունների շուրջ համախմբված էր ռուս ժողովրդի կրթված մասի 90-95 տոկոսը:

Եվ, չնայելով դրան, ռուս ինտելիգենցիան՝ հանձին իր երեք կուսակցությունների՝ անհաղորդ մնաց ռուս ժողովրդի իրական շահերին ու պահանջներին: Այդ պատճառով նրա իշխանությունը եղավ անվանական և շատ կարճատև: Նա տեղի տվեց, հենց որ հրապարակ եկավ մի այլ կազմակերպված կամք, որ իր հոգեբանությամբ, իր հակումներով շատ ավելի մոտ էր ռուս ժողովրդին, շատ ավելի հարազատ ըմբռնում ուներ ռուսական շահերի և պահանջների:

Այդ նոր կազմակերպված կամքը հանդես եկավ «բոլշևիզմ» անվան տակ, խոսեց սլավոնական ոճով, բայց գործեց մոնղոլական եղանակով:

Եվ հաղթեց:

Բոլշևիզմը մի յուրատեսակ համադրություն էր ռուս ժողովրդի ոգու մեջ իշխող երկու հակամարտ, ներհակ ծայրերի՝ սլավոնականի և մոնղոլականի: Ցարական բռնապետությունը շատ էր բացահայտ, իրապաշտ, մարմնավոր: Ռուս ժողովրդի խորհրդապաշտ, առաքելասեր, իդեալամոլ ոգուն այդ ռեժիմը չէր գոհացնում: Մինչդեռ Կերենսկու քաղաքական սիստեմը շատ էր ինտելիգենտ, մեղմ և ընդհանրապես խորթ ռուս ժողովրդին իր արևմտյան ձևերով և շատ էր անիրական, կրավորական՝ իր սլավոնական էությամբ: Նա անզոր էր զսպելու ռուս ժողովրդի մոնղոլական տարերքը:

Եվ ահա եկավ բոլշևիզմը և միացրեց մոնղոլական բռնապետությունը սլավոնական տարտամ երազների և իդեալների հետ, ստեղծեց մի ինքնահատուկ քաղաքական սիստեմ, որի հիմքերը բռնապետական են անպայմանորեն և որի վերնաշենքը հարմարեցված է ռուս ժողովրդի միստիկ ու առաքելական մղումներին: