Էջ:Ռուսական վտանգը.pdf/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բոլշևիզմը չափազանց բնորոշ արտահայտությունն է հակասություններով և ծայրահեղություններով լի ռուսական ոգու: Բոլշևիզմի մեջ դուք կգտնեք և՛ ռուսական մոլեգին աղանդավորականություն, և՛ անզուսպ մղում դեպի ծայրահեղ դրություններ, և արտառոց գաղափարներ, և՛ խելացնող որոնում իդեալական աշխարհի ու արժեքների, և՛ աշխարհակալական մեսիանիզմ (առաքելականություն), և՛ անօրինակ երկություն խոսքի և գործի, և՛ հոյակապ սլացումներ մտքի ու երևակայության, և սանձարձակ բռնության, դաժանության ու վանդալիզմի հակում: Բոլշևիզմի մեջ չկա միայն ռուսական ոգու սլավոնական տարրերին հատուկ կանացի պասիվիզմը (կրավորականությունը), մեղկությունը, երազունությունը. այլ ընդակառակը, կա մոնղոլական աղբյուրից բխած առնական հզոր շեշտ, վճռականություն, կտրուկություն, որ միշտ վայրագ ու դաժան է, որովհետև մոնղոլական ծագում ունի:

Բոլշևիզմի մեջ դուք կգտնեք ռուս սլավոնական տարրին այնքան հատուկ ապշեցուցիչ թուլությունը և նույնիսկ բացակայությունը իրականության զգացումների, որ արտահայտվում է նրա սոցիալական բարձր իդեալների մոլեռանդ հետապնդման մեջ, ռուսական այնքան հետամնաց պայմաններում:

Իրականության զգացումի այդ թուլությունը կամ բացակայությունը ռուս ոգու մեջ կապված է վառ երևակայության հետ: Ռուս մարդը կեղտոտ խրճիթի մեջ ապրելով, ընդունակ է երևակայել ու անկեղծորեն հավատալ, թե ապրում է մաքուր պալատի մեջ, որովհետև նա ընդունակ է ապրել գեղեցիկ երազների աշխարհում և միաժամանակ լինել անտարբեր դեպի իր մղձավանջային շրջապատը, դեպի իր դաժան ու այլանդակ իրականությունը:

III.

ՌՈՒՍԱԿԱՆ ՈԳՈՒ ԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն ռուս ցեղի մոնղոլա-սլավոնական հատկությունները չեն միայն, որ ձևավորել են ռուսական ոգին, ռուսական կուլտուրան: Դարերի ընթացքում ռուս բռնակալական ռեժիմը, որ անշուշտ համապատասխան է եղել ռուս պետության և ռուս ազգի աշխարհակալական ձգտումներին, իր հերթին ճնշել, աղճատել, այլանդակել է ռուս ժողովրդի, մանավանդ ռուս ինտելիգենցիա-