Էջ:Ռուսական վտանգը.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հիվանդ է այդ աշխարհը խորապես, այլանդակ է իր արտահայտությունների, իր մղումների մեջ: Սարսափ է ներշնչում նա ամեն մի առողջ, նորմալ մարդու:

Շինարար տիպեր, դրական երևույթներ չկան այդ աշխարհում:

Ամեն ինչ խարխափում է երկու ծայրահեղությունների մեջ:

Կամ մեղկ ու թուլամորթ համակերպություն դաժան և մռայլ իրականության, ստրկահոգի նահանջ բռնության առջև` կամ անհաշիվ ու խենթ ըմբոստություն, անվերապահ ու ամբողջական մերժումն տիրող իրականության:

Կամ անվերջ վարանում, ամուլ տարակուսանք, կամազուրկ քննադատություն՝ կամ հիսթերիկ վճռականություն, մոլեգին աղանդամոլություն, վայրագ քանդումն բոլոր արժեքների, բոլոր հիմքերի:

Կամ մտքի հիվանդություն՝ կամ կամքի հիվանդություն:

Եվ միշտ չափի պակաս, նույնիսկ կատարյալ բացակայություն, թե սիրո, թե ատելության մեջ. միշտ մի անհաղթելի, անբացատրելի, տարամերժ մղում դեպի ծայրահեղություններ, դեպի արտառոց դրություններ: Միշտ հրեշավոր խախտումն ներքին հավասարակշռության, միշտ ջլատիչ բացակայություն հոգեկան ուժերի ներդաշնակության:

Եվ թո՛ղ չափազանցություն չհամարվի, եթե ասեմ, որ թե ռուս ինտելիգենցիան և թե ռուս գրականությունը լավագույն նյութն են ներկայացնում մարդկային հասարակության հիվանդաբանական (պաթոլոգիական) երևույթներն ու պրոբլեմներն ուսումնասիրելու համար: Ռուսական լավագույն գրողները՝ Չեխովը, Գորկին, Անդրեևը և նույնիսկ Տուրգենեը (որ ամենից ավելի առողջն ու եվրոպականն է ռուս գրողների մեջ և որ ունի մի քանի գեղեցիկ դրական տիպեր՝ այն էլ կանանց տիպեր) տվել են գրեթե միայն աննորմալ, հիվանդոտ, բացասական տիպեր: Իսկ եթե նրանք ստեղծել են կամ, ավելի ճիշտը, փորձ են արել ստեղծելու նաև առողջ, հավասարակշռված, դրական տիպեր, դրանք էլ դուրս են եկել բռնազբոսիկ, արհեստական, անկենդան:

Ռուս գրականությունը, ինչպես նաև ռուս ինտելիգենտի ոգին, որ և ռուս գրողի ոգին է, չէր ներկայացնում և չէր էլ կարող ներկայացնել բավականաչափ նպատակավոր նյութ այդպիսի ստեղծագործության համար: