Էջ:Ռուսական վտանգը.pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Այդ պատճառով ռուսական գրականությունը, ունենալով հանդերձ գեղարվեստական շատ խոշոր արժեք, գրեթե զուրկ է կրթիչ, դաստիարակիչ նշանակությունից: Նա մեծապես շահեկան է գիտնականների և գեղարվեստագետների համար, բայց նրա բարոյական ազդեցությունը հասարակական լայն խավերի վրա ավելի շուտ բացասական է, քան դրական:

Առանձնապես բացասական է նրա ազդեցությունը մատաղ սերնդի և տակավին չկազմակերպված նկարագիրների (քարաքտերների) վրա:

Նա առաջ է բերում և զարգացնում մի վատառողջ սեր դեպի կյանքի հիվանդոտ կողմերը, այլանդակ արտահայտությունները աղճատված, հաշմանդամ տիպերը, դեպի տգեղներն ու թույլերը, դեպի ճնշումներն ու զրկվածները, դեպի կեղտն ու հրեշավորը, դեպի մութ անկյուններն ու մահվան դատապարտված երևույթները:

Նա սնուցանում է ռոմանտիկ տրամադրություններ, տարտամ հույզեր, երազային իղձեր, որոնք բթացնում են իրականության զգացումը, մշուշով պատում անհատի առողջ միտքը, կտրում այն՝ շրջապատող աշխարհից և մղում դեպի անիրագործելին, անկարելին, հեռավորը:

Հասարակական առողջ զարգացման համար ռուսական գրականությունը ոչինչ չի տալիս:

Նա չի տալիս կենդանի տիպեր, որոնք իրենց նախաձեռնության ստեղծագործ ոգով, իրենց անհողդողդ կամքի ու երկաթե նկարագրի զորությամբ կարող են օրինակ դառնալ այդպիսի զարգացման համար:

Նա չի տալիս պատմություններ, որոնց վրա մատաղ սերունդը սովորի մտքի, զգացումի, կամքի, կարգապահության (դիսցիպլինայի). պատմություններ, որոնց վրա նա սովորի դատել կարելին անկարելիից, իրականը՝ անիրականից, առողջը՝ հիվանդագինից, օգտակարը՝ անօգուտից, պետքականը՝ անպետքից:

Ոչինչ՝ հաստատուն, կայուն, անվիճելի, ամեն ինչ՝ երերուն հարափոփոխ, վիճելի: Անվերջ որոնումներ, անդադար դեգերումներ, անորոշ ձգտումներ, մշուշապատ երազանքներ, անեզր ցանկություններ, հեղհեղուկ տրամադրություններ...

Ահա ռուս գրականության աշխարհը:

Բնական է, որ այդպիսի գրականության ազդեցությունը