Էջ:Ռուսական վտանգը.pdf/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մատաղ սերունդների վրա չի կարող լինել բարերար, դրական: Եվ որքան ավելի տաղանդավոր, հանճարեղ է այդ գրականությունը գեղարվեստական տեսակետով, այնքան ավելի վնասակար է նրա թողած ազդեցությունը. որովհետև որքան ավելի գեղարվեստական է որևէ արժեք, այնքան ավելի խորը հետքեր է նա թողնում անհատի հոգու մեջ, այնքան ավելի նա վարակիչ, հաղորդական է:

Ոչ միայն ռուս գրականությունը, այլև ռուս հասարակական միտքն ընթացել է նույն հիվանդոտ ճանապարհներով:

Հեղափոխականությունը նա դարձրել է ինքնանպատակ: Կռիվը պետական որոշ ռեժիմի, այսինքն՝ կռիվը կառավարության դեմ նա դարձրել է իրոք կռիվ պետության, պետականության դեմ առհասարակ:

Նա բթացրել է, մեռցրել է ռուս ժողովրդի մեջ օրինապահության, կարգապահության, առողջ զգացումը:

Նա սերմանել է ատելություն, անարգանք դեպի իշխանությունն առհասարակ:

Նա սնուցել է արհամարհական, ժխտողական վերաբերմունք դեպի քաղաքակիրթ հասարակության տարրական հիմունքները:

Նա կասկածի տակ է դրել մարդկային բոլոր առաքինությունները, բոլոր սրբությունները:

Մոլեգնորեն քարոզելով աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտական) իդեալներ ու տեսություններ (թեորիաներ), նա իրոք ամենակատաղի պայքար է մղել ազգությունների իրավունքների դեմ:

Լինելով տիրող ազգության արտահայտիչ, նա բարձր գաղափարներով ու մոլորեցուցիչ կեղծիքներով է մղուշապատել իր ատելությունն ու անարգանքը դեպի հպատակ ազգերն ու ցեղերը:

Վերցրե՛ք ամենաազատամիտ և բարյացակամ ռուս ինտելիգենտին, քննե՛ք նրան մի քիչ, քրքրեք նրա հոգեկան էությունը, և դուք անպատճառ կգտնեք այնտեղ անտիսեմիտիզմ (հրեատյացություն) և առհասարակ թշնամանք ու տհաճություն դեպի բոլոր այլազգիները:

Սա մի մոնղոլական հատկություն է, որ այնքան բնորոշում է նաև թուրքին, թաթարին: