Էջ:Ռուսական վտանգը.pdf/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ինտելիգենցիան հարազատ ժողովրդի հետ մի՛ ընդհանուր զգացումով, գիտակցությամբ կամ մղումով, ռուս ազգի մեջ գրեթե գոյություն չունի կամ ապշեցնելու չափ թույլ է:

Ռուս ինտելիգենցիան տեսել է միշտ մի մեծ վիհ իր և իր ժողովրդի միջև հաճախ անձնվեր, համառ փորձեր է արել վերացնելու այդ վիհը: Սակայն այդ փորձերը, ցանկալի հետևանք չեն տվել, ինչպես այդ պարզվեց այնքան աղաղակող կերպով վերջին հեղափոխության ժամանակ:

Չունենալով հոգեկան կապ իր ժողովրդի հետ, ռուս ինտելիգենցիան չէր կարող նաև ազդել նրա վրա տիրաբար և ղեկավարել նրան քաղաքականապես:

Ինչու՞մն էր գաղտնիքն այս արտառոց երևույթի:

Ամեն մի ինտելիգենտ իր հարազատ ժողովրդի հետ ամենախոր և ամենազորեղ կերպով կարող է կապված լինել միայն ազգային ընդհանուր զգացումների, գաղափարների, մղումների և շահերի հողի վրա: Որքան ավելի ուժեղ է ազգային զգացումը, ազգային գիտակցությունը և ազգային կամքը մի ժողովրդի և նրա ծոզից դուրս եկած ինտելիգենցիայի մեջ, այնքան ավելի սերտ է և անքակտելի նաև հոգեկան կապը ժողովրդի և նրա ինտելիգենցիայի միջև:

Ոչինչ այնքան թույլ և հիվանդոտ չէ ռուս ինտելիգենցիայի և ռուս ժողովրդի մեջ, որքան նրա ազգային զգացումը, գիտակցությունը և կամքը: Մյուս կողմից՝ ծայրահեղորեն զարգացած և շեշտված են նրա մեջ սոցիալական, դասակարգային մղումներն ու գաղափարները:

Մինչդեռ ազգային առողջ օրգանիզմի մեջ այդ երկու տեսակի զգացումների միջև լինում է բոլորովին հակառակ փոխհարաբերություն. այսինքն՝ ազգային զգացումներն ու մղումները լինում են անհամեմատ ավելի զորեղ, քան դասակարգային, սոցիալիստական զգացումներն ու մղումները: Որովհետև ազգայինը միացնող է, իսկ դասակարգայինը՝ բաժանող. ազգայինն ընդգրկում է ազգի ամբողջությունը, իսկ դասակարգայինը՝ նրա միայն մի մասը:

Եվ այն ժողովուրդների մեջ, ուր նկատվում է դասակարգային մղումների գերաճում ի հաշիվ ազգային մղումների, առաջ է գալիս մի հիվանդագին վիճակ, որի հետևանքով սոցիալիստական հակամարտությունները ստանում են չափազանց սուր և