Էջ:Ռուսական վտանգը.pdf/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երբեմն նույնիսկ կործանարար բնավորություն: Այդ երևույթը մենք տեսնում ենք ժամանակակից Ռուսաստանում, ուր դասակարգային պայքարն ընդունել է պատմության մեջ չտեսնված չափեր ու սրություն և սպառնում է ռուս ազգի ամենակենսական շահերին:

Իր ապազգային կամ հակազգային գաղափարներով, իր հակապետական, անիշխանական մտայնությամբ հանդերձ՝ ռուս ինտելիգենցիան բնազդորեն կատարել է գերազանցապես աշխարհակալական գործ և այդ տեսակետով մեծապես դյուրացրել է ցարական բյուրոկրատիայի ձգտումների իրականացումը:

Ռուս ինտելիգենցիան իր գաղափարական քարոզով ու ազդեցությամբ հզորապես նպաստել է հպատակ ազգերի կրթական դասի այլասերման, բարոյալքման, ապազգայնացման, օտարացման, կասերցրել է նրա ազգային երանգը, թմրեցրել է նրա մեջ ազգային արժանապատվության զգացումը և թունավորել է նրա ազգային գիտակցությունը իր ցնորական տեսություններով ու վատառողջ մտքերով և երազներով: Իր արհամարհանքով ու ծաղրով նա սիստեմատիկաբար ներշնչել է հպատակ ազգությունների կրթվող դասին մի հրեշավոր մտայնություն, որի շնորհիվ մարդիկ սկսել են ամաչել իրենց ազգային ծագումից, քաշվել՝ իրենց մայրենի լեզվինց, իրենց հարազատ միջավայրից...

VI.

ԱՆՀԱՏԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ

Անհատի ազատության գաղափարը մեծապես զբաղեցրել է ռուս հասարակական միտքը: Լավրովը, Միխայլովսկին և ուրիշ ականավոր ռուս գրողներ ու գործիչներ անսպառ եռանդով և անսահման խանդավառությամբ պաշտպանել են այդ գաղափարը և պայքարել նրա իրականացման համար:

Եվ զարմանալի բան, նա հակադրվում էր մարդկության, հասարակության, պետության, աշխատավոր ժողովրդին և առհասարակ դասակարգին, բայց նա չէր հակադրվում գրեթե երբեք ազգության, չէր կապվում ազգության հետ: Սակայն «մարդկությունը» և «հասարակությունը» տնտեսական, քաղաքական, սոցիալական և կուլտուրական տեսակետով շատ ընդհանուր և անորոշ հասկացություններ են: Պետությունը քաղաքական կատեգորիա է և անմիջապես շոշափում է անհատի և ընդհանրության