Էջ:Ռուսական վտանգը.pdf/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ամեն մի հասարակական գաղափար արդյունավոր կարող է լինել միայն այն ժամանակ, երբ նա բխում է շրջապատող իրականությունից, որի մեջ անհատը կամենում է կիրառել այդ գաղափարը: Իսկ եթե գաղափարը դրսից բերված մի ապրանք է և հեռու է շրջապատող իրականությունից, այդ դեպքում այդպիսի գաղափարը կամ դատապարտված է անհատին հասարակական ամլության, կամ բթացնում է նրա մեջ իրականության կենդանի զգացումը և դարձնում նրան քաղաքական ֆանտազյոր:

Սոցիալիզմը Ռուսաստանում Արևմտյան Եվրոպայից բերված մի ուսմունք էր, որ բնական ծնունդն էր եվրոպական կապիտալիստական զարգացած երկրների մեջ առաջ եկած նոր տնտեսական և սոցիալական ազդակների: Այնտեղ ինքը կյանքն էր, որ հարաճուն կապիտալիզմի նոր երևույթներով ու խնդիրներով տպավորվում էր մտածող մարդկանց գլուխների մեջ և հարուցում, ձևավորում սոցիալիստական գաղափարներ: Մինչդեռ Ռուսաստանում սոցիալիստական ուսմունքը, ներմուծվելով օտար երկրներից և հիվանդագին մոլեռանդությամբ ու հափշտակությամբ յուրացվելով ռուս ինտելիգենցիայի կողմից, չուներ անմիջական կապ ռուսական իրականության հետ, և նրա տարածումը չէր բխում ամենևին ռուս իրականության անմիջական պահանջներից:

Այդ պատճառով է, որ մինչ՝ արևմտյան Եվրոպայում, սոցիալիզմի մայր երկրներում, որոնք միաժամանակ և կապիտալիզմի մայր երկրներն են, սոցիալիստական շարժումն ընթանում է հաստատուն քայլերով, աճում է նորմալ կերպով, աստճանաբար նվաճումներով՝ տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման հետ զուգընթաց, - Ռուսաստանում ընդհակառակը, սոցիալիստական հոսանքը կատարում է աննախընթաց թռիչքներ, ստանում է ոչ մի այլ երկրում չտեսնված չափեր և իրականության միանգամայն անհամապատասխան ուղղություն ու ձևեր: Ռուս ինտելիգենցիայի միտքը սեղմված չէ իրականության նեղ շրջանակում, կաշկանդված չէր իրականության ծանր կապանքներով, չափավորող, սանձող պայմաններով: Ռուս ինտելիգենցիայի միտքը գործում է ժամանակից և տարածությունից դուրս:

Ռուսական իրականությունը ամբողջ դարերով հետ էր մնացել արևմտյան երկրներից: Սակայն ռուս ինտելիգենտի միտքը հավակնություն ուներ եվրոպական մտքի հետ միասին հաճախ նույնիսկ հակում էր ցույց տալիս նրանից էլ առաջ անցնելու: