Էջ:Ռուսական վտանգը.pdf/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Խմբական անջատման երկու դեպքերի մասին մենք հիշեցինք անցյալ անգամ: Իսկ անհատական անջատումներ տեղի էին ունենում շարունկ՝ Հ.Յ. Դաշնակցության սկզբնավորության օրից մինչև մեր օրերը:

Քաղաքական, գաղափարական մոտիվներով անջատվողները լինում էին կամ ծայրահեղ աջից կամ ծայրահեղ ձախից: Ձախ թևից հեռացողները գտնում էին, որ Հ.Յ. Դաշնակցությունը բավականաչափ սոցիալիստական չէ և, ընդհակառակը, չափազանց ազգային: Իսկ աջից հեռացողները կարծում էին, որ Հ.Յ. Դաշնակցությունը չափազանց սոցիալիստական է և, ընդհակառակը, ոչ բավականաչափ ազգային:

Եվ շատ ուշագրավ ու բնորոշ է, որ ձախից անջատվողների մեծագույն մասը, եթե չասեմ՝ բոլորը, ռուսահայեր էին. իսկ աջից անջատվողների ճնշող մեծամասնությունը՝ ոչ ռուսահայեր:

Ռուսահայերի նկատմամբ ռուսական ուժեղ ազդեցությունը անտարակուսելի է անշուշտ:

Ճիշտ է, օտար ազդեցությունները, ինչպես վերը ասացինք, չեզոքացնում էին իրար փոխադարձաբար, բայց մի կողմից՝ Ռուսաստանի բախտորոշ դերը բովանդակ հայության կյանքում, և մյուս կողմից՝ ռուսահայ ինտելիգենտների գերիշխող դիրքը Հ.Յ. Դաշնակցության ղեկավար շրջաններում պատճառ դարձան, որ հայ մեծ քաղաքական կազմակերպությունն իր երկարամյա գործունեության ընթացքում մի որոշ չափով հրապարակ բերեր ռուսասիրական տենդենցներ:

Մինչև 1903 թ., այսինքն՝ մինչև հայ եկեղեցական կալվածների գրավումը, Հ.Յ. Դաշնակցությունը իր բովանդակ ուժերով ու ձգտումներով ուղղված էր թրքության և թուրքական իշխանության դեմ:

Հակառուսական խմորումը ծայր տվեց 1903 թ. ժողովրդական լայն խավերի մեջ և ստացավ տարերային կերպարանք: Հ.Յ. Դաշնակցության կոմիտեները, իրերի երկաթե հարկադրանքի տակ, անցան մեր ժողովրդի հակառուսական շարժման գլուխը: Եվ միայն 1904 թ. Ռայոնական ժողովը նվիրագործեց, այսպես կոչված, կովկասյան նախագիծը, որով Հ.Յ. Դաշնակցությունը հանդես էր գալիս իբրև Ռուսիայի մեջ գործող և ռուսական ռեժիմի դեմ կռվող մի հեղափոխական-սոցիալիստական կուսակցություն. ապա 1904-7 թվերի փոթորկահույզ շրջանից հետո Վիեննայի ընդհանուր ժողովը եկավ վերջապես իր սանկցիան տա