Էջ:Ռուսական վտանգը.pdf/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան ահեղ ճնշման տակ և մյուս կողմից՝ արտաքին օգնության հրամայական կարիք էր զգում, անկարելի էր հայ քաղաքական մտքի ազատ, անկաշկանդ ու անկախ զարգացումը, նրա կատրյալ ազատագրումը զանազան «պատմական» օրիենտացիաներից և անվերապահ որդեգրումը միակ նպատակահարմար ու տևական օրիենտացիայից - հայկական օրիենտացիայի: Սակայն մեր երկամյա անկախ քաղաքական գոյությունը և մեր ազգային ազատագրական պայքարը, որ մենք հարկադրեցինք մղել գրեթե միայն մեր սեփական ուժերով, չէին կարող խոր ակոսներ չփոխրել մեր հոգու մեջ:

Մեր գիտակցության ստորերկրյա ծալքերում աննկատելիորեն կատարվում էր ինքնամփոփման մի պրոցես, որը մի օր, երբ ռուսները նորից եկան իրենց ծանր թաթ դնելու մեր ուսերի վրա, պիտի հիմք դառնա մեր քաղաքական մտքի բյուրեղացման և ինքնորոշման համար: Եվ եթե ռուսների հեռանալը Անդրկովկասից սկիզբն էր այդ պրոցեսի, կարելի է համարձակորեն ասել, թե նրանց այժմյան վերադարձը դեպի մեր սահմանները պիտի լինի վախճանը այդ պրոցեսի, որով վերջ է դրվում մեր քաղաքական անվերջ որոշումներին, խարխափումներին ու դեգերումներին և մեր ազգային քաղաքական միտքը, բոլորելով իր զարգացման սկզբնական շրջանը, դուրս է գալիս իր սեփական ուղու վրա և դառնում է ինքնուրույն և անկախ:

Երկու և կես տարի առաջ, երբ ռուսները խուճապային թափով թողեցին մեր երկիրը և մենք ակամ բաժանվեցինք մեր վաղեմի «բարեկամներից», և այժմ, երբ այդ նույն ռուսներ մեր սահմաններն են բախում, - ո՛րքան մեծ, անհավատալի լինելու չափ մեծ փոփոխություն մեր հոգու, մեր վիճակի և մեր փոխհարաբերությունների մեջ:

Որպես բարեկամներ բաժանվեցինք, որպես թշնամիներ ենք հանդիպում:

Ռուսը մնացել է իրոք նույն ռուսը, իր աշխարհակալ ձգտումներով, իր ազգամերժ մտայնությամբ, իր օտարակեր տրամադրություններով:

Նա շարունակում է նայել մեզ վրա, որպես իր երեկվա ստրուկի վրա, որը հանդգնել է ապստամբել նրա դեմ և որին պետք է ենթարկել նախկին լծին:

Իսկ մե՞նք...

Մի՞թե նույնն ենք: