Էջ:Ռուսական վտանգը.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Անցավ երկու տարի: Մենք ստեղծեցինք անկախ և ազատ Հայաստան: Բայց մեր քաղաքական միտքը մնաց առաջվա պես գրեթե անազատ և կախյալ ռուսական գերությունից:

Եվ այսպես, երբ Ռուսաստանը այժմ նորից է բախում մեր դռները և հանցավոր միջոցներով նորից է ճգնում զոհաբերել մեր ժողովրդին իր աշխարհակալ նպատակներին, մեր շարքերում կան մարդիկ, որոնք կարծեք ինչ որ տատանումների են ենթակա:

Եվ այդպես է ոչ թե այն պատճառով, որ մենք բավականաչափ ռազմական ուժ չունենք պատվով դիմագրավելու համար ռուսական վտանգը (որովհեև այդ վտանգը ռազմական տեսակետով շատ չնչին է և Ռուսաստանի ներկա միջազգային և ներքին վիճակում չի կարող չնչին չլինել), այլ այն պատճառով, որ ռուսական վտանգը մեզ համար գերազանցապես հոգեբական բնույթ ունի: Նա ոչ թե սահմանների վրա է միայն, այլ մեր ներսում, մեր հոգու խորքում:

Վտանգը նրանումն է, որ ռուսական թշնամին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջն է և մեր հոգու ներսից է կարծես ջլատում մեր դիմադրական կարողությունները, ներսից է սպանում մեր ինքնուրույնությունը և անկախությունը:

Եվ նկատի ունենալով այն, որ մեր ազգային ինքնիշխան և ազատ գոյության համար ներկա պայմաններում չկա ավելի վտանգավոր թշնամի, քան ռուսն է, մենք պարտավոր ենք հավաքել, լարել մեր բոլոր ուժերը կռվելու համար ռուսական ճակատի վրա: Մենք պիտի անողոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմանների վրա, այլ մեր հոգու մեջ այն բոլոր ռուսական տարրերի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մենք պիտի մաքրենք մեր հոգին ռուսական ազդեցությունից՝ գաղափարներից, մղումներից, տրամադրություններից, պատրանքներից, հիվանդություններից:

Ռուսական ճակատի վրա ևս, ինչպես երկար ժամանակ թուրքական ճակատի վրա, մենք պիտի հանդես գանք մեր բովանդակ ազգային ուժով՝ թե ֆիզիկական, թե մտավոր, թե բարոյական: Ազգովին մենք պիտի ներշնչենք այն անդրդվելի գիտակցությամբ, որ ռուսն էլ մեր թշնամին է, քանի որ նա չի կամենում հաշտվել Միացյալ և Անկախ Հայաստանի գոյության հետ, և որ մենք կարող ենք կռվել և պետք է կռվենք նրա դեմ