Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տասնըերեք տարեկանում իմ արհեստում տըվի, անցա.
Տասնըչորսում, իմ շնորհքով, վարպետս պարգև ստացավ.
Տասնըհինգում [շատ ջանք դրի, գիր-ղալամին ընկերացա],
Տասնըվեցըս երբ բոլորեց, ճանաչեցի չարն ու բարին։

Տասնըյոթ տարիս լրացավ, դեռ ես չէի եղել դաստան.
Տասնութ տարիս երբ բոլորեց, տեսա և վարդ և վարդաստան.
Տասնըիննը տարեկանում ման եկա Հաբաշ—Հինդուստան.
Քըսան տարուց, էշխի ընկած, լալ կը ծախսեմ սովդաքարին։

Քըսանհինգում մեյդան մտած և կըլողամ և կըթռչեմ.
Երեսունրս երբ լրացավ՝ աժդահայի պես կը շրջեմ.
Երեսունհինդ տարեկանում լավ կը գրեմ, լավ կը ջնջեմ.
Քառասունումն ամեն ինչըս հասավ մինչ երկնուց կամարին։

Քառասուն և հինգից հետո լավ խաբար եմ քչից-շատից.
Հիսուն տարիս երբ բոլորեց, ամոթըն ու արն ինձ պատեց.
Հիսունհինգըս երբ որ անցավ, ահուզարն էլ ինձ չազատեց.
Վաթսունիս մեջ բարև տըվին մեծերն իրենց հավասարին։

Վաթսուն հինգից հետո արդեն «ախ ու վախ»-ըս է սկսում.
Յոթանասուն տարեկանիդ աչքերիս լույսն է պակասում.
Յոթանասուն հինգըս անցավ, նորից մանուկ են ինձ ասում.
Ութսունի մեջ—փիրի տվածն անցնում է էնտի աշխարհին:

Ութսուն և հինգ տարեկանից ցավը ջանիս մեջ բուն դըրեց.
Իննըսունս երբ բոլորեց՝ հոգիս մարմնիցըս բեզարեց.
Իննըսունհինգ տարիս հասավ Գաբրիելն անունս գըրեց.
Հարյուրի մեջ ինքըս հասա հազարամյա մեծ հայրերին։

Հանցավոր եմ, հողեղեն եմ, խիստ մի հիշեք ձեր ծառային.
Կյանքում ով է անմեղ մընում՝ սպասեցեք Սողոմոնին...
Ժամանակը երբ որ հասավ, ով կհարցնի Սայաթ-Նովին.
Այս աշխարհըս ընդունայն է՝ անեծք մարդու էյթիբարին։

1750 թ. հունուվարի 3-ին։