Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

55. Ինչպես նշված է 11 խաղի ծանոթ. մեջ, այս ռուբայի - վարսաղը, ինքը՝ երգիչը միացրել է «Յիս կանչում իմ լալանին» խաղին, թեև սա հորինված է եղել բոլորովին անկախ, թերևս ավելի վաղ, քան հիշյալ խաղը։ Այդ վկայում են ոչ մի այն հեղինակի անվան երկու անգամ հիշվելը, երկու խաղերի միջև որևէ կապի բացակայությունը, այլև այն, որ սույն խաղը, մեկ տան պակասով, առանձին գտնվում է երգչի որդու՝ Օհանի կազմած դավթարում։ Ուստի, թողնելով նույն խաղի հետ, ինչպես կատարել է հեղինակը, մենք առանձին և որոշակի համարի տակ տալիս ենք և այս, տեքստաբանական կարգի ծանոթագրությունները թողնելով համար 11 խաղի ծանոթագրության հետ։


56. Սայաթ-Նովայի ջերմությամբ, մեծ վարպետությամբ ու անմիջականությամբ գրված խաղերից մեկը «Խոսկիրտ մալում իմ արի, անարատ, մաքուր իս, ախպեր» տողով սկսվող մուխամմազն է (13)։ Սրա յուրաքանչյուր, հնգյակ տողից բաղկացած, տանը հաջորդում է յոթվանկյան (4 — 3) հայ ժողովրդական խաղիկների ձևով հորինած քառատող։ Սրանց, մանավանդ վերջին երկու տողերը, համարյա անփոփոխ վերցրած են այդ «ջանգյուլում» խաղիկներից։ Հայկական խաղիկներին շատ նման են և բայաթիները, ուստի երգիչը իր այս ամբողջ խաղը, իրավամբ, կոչել է մուխամմազ-բայաթի։ Ըստ որում, այս ութ տան խաղիկներից հինգը սկսվում են մուխամմազ ոտանավորի վերջին հանգակապ բառով, որը ցույց է տալիս այս երկուսի թեև ոչ օրգանական, բայց ֆորմալ-սերտ կապը, որ հեղինակը, տարածված տերմինով, կոչում է զինջիր- լամա (շարակապ)։ Կասկածից վեր է, որ այս երկու, ըստ ամենայնի տարբեր, խաղերը գրված են միաժամանակ՝ տունը տան ետևից։ Սակայն ոչ թե վերջին բայաթի տունն է ավարտվել հեղինակի անունով, այլ նախորդ մուխամմազ տունը, որը, ինչպես կարգն է, եղել է վերջինը՝ հինգերորդը։ Հեղինակը, այս և այլ պատճառներով, շարունակել է այս տունը, ավելացնելով ևս երեք տուն բայաթի, սրանք ևս շարակապով միացրել իրար։ Սրանցից առաջինը, այսինքն 6-րդ տունը նույնիսկ գրված է թեջնիսով՝ բառախաղով։ Այս վերջին երեք տուները, զգալով, որ խախտում են խաղի ընդհանուր կառուցվածքն ու պատկերը, չեն հրապարակվել Գ. Ախվերդյանի կողմից։ Բանասեր Գ. Ասատուրը ընթերցել էր (թերություններով) և հրապարակել էջմիածնի «Բանբեր»-ի էջերում, առանց վերծանելու։ Սույն 12 տողը՝ անփոփոխ մտցրել էր «Սալաթ-Նովա» ժողովածուի ծանոթագրությունների մեջ և Գ. Լևոնյանը (էջ 159)։


Լրիվ վերծանված վիճակում այս երեք տուները ևս լույս տեսան սույն ժողովածուի առաջին հրատարակության մեջ — «Խոսկիրտ մալում իմ արի» խաղի վերջում, ինչպես որ բնագրում է։ Սակայն այս անգամ որոշեցինք չկրկնել այդ, գերադասելով Ախվերդյանի ընտրած ձևը։ Միաժամանակ անջատ վիհակում, նոր համարի տակ, հրատարակում ենք այստեղ բոլոր «բայաթիները» ոչ միայն այն պատճառով, որ նշանավոր երգի հետ այս ութ տուն խաղիկները, բացի հինգ տան շարակապ բառերից, ոչ մի այլ առնչություն չունեն մուխամմազի հետ, նաև ոչ միայն այն պատճառով, որ հեղինակի անունով են ավարավում և անջատելու իրավունքը տալիս, այլև մեծապես այն պատճառով, որ այս խաղիկների, բայաթիների ժանրով և հայ ժողովրդական խաղիկների բովանդակությամբ գրված մեծ երգչի միակ ստեղծագործությունն է, որը կորչում էր հիշյալ խաղի մեջ։


Վեցերորդ՝ թեջնիս տան վերլուծությունը դժվար է, որովհետև երկու ձևով կարելի է հասկանալ երեք անգամ գործածած ճագարին բառը և միակ հազար—