Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակին և հետագայում տարածված «Գելն ու չոբանը» առակն է։ Բերնեբերան, աղավաղվելով, սրա հինգ-վեց վարիանտը, վերջին հարյուրամյակում գրի է առնվել և հասել մեզ։ Դրանցից երեքը լույս են տեսել. 1885 թ. «Արձագանք»-ում (№ 1), երկրորդը՝ «Բազմավեպ»-ում, 1893 թ. (հատ. ԾԱ) և երրորդը «Կովկասի լրաբեր» թերթում, 1912 թ. (№ 36)։ Այս բոլոր վարիանտներից, երկար աշխատանքից հետո, հնարավոր է եղել վերականգնել նախնական վիճակը, երկու շատ մոտիկ վարիանտով, որից մեկը հրատարակում ենք այստեղ։


Հինգերորդ տան ա. տողն է միայն, որ լրացրել ենք մեր կողմից, առնելով անկյունավոր փակագծերի մեջ, համարյա չկասկածելով, որ այդպես պետք է լիներ բնագրում։


59. Հեղինակի երկրորդ առակն է, որն անցյալ դարի 90-ական թթ. Թիֆլիսում գրի է առել գուսան Սկանդար-Նովան և «Գելն ու չոբանը» առակի հետ, 1912 թ., հրապարակել «Կովկասի լրաբեր» թերթում։ Խմբագրությունը, իր երկու խոսքի մեջ հայտնում է, որ Սկանդար-Նովան մի քանի անհասկանալի տեղեր «իր ուղղումներն է մտցրել»։ Գ. Լևոնյանը, այս խաղը ևս, անփոփոխ, զետեղել էր իր կազմած «Սայաթ-Նովա» ժողովածուի մեջ (147)։ Այս առակն անհամեմատ լավ վիճակում է հասել մեզ, քան նախորդը։ Այնուամենայնիվ, քիչ չեն թերությունները հատկապես հանգերի ու վանկերի մեջ։ Դժվար է ասել, թե ի՞նչ կարգի ուղղումներ է մտցրել Սկանդար-Նովան, բայց ըստ երևույթին մի քանի պակասող բառեր է ավելացրել, գուցե և ուղղումներ մտցրել հանգ կազմող բառերի մեջ, որոնցից մի քանիսը, մանավանդ հանգակապ տողերի մեջ, աղավաղված են և իրենց տեղում չեն գտնվում։ Այստեղ հարկ չենք համարում մեկ առ մեկ կանգ առնել հանգերի, վանկերի, ավելորդ, խորթ բառերի և լեզվական կարգի սխալներն ուղղելու վրա։ Մեր կարծիքով միակ վիճելի տողը նախավերջին տան բ. տողն է։ Այս տունը թերթում տպադրված է այսպես.

Օխչրի միսն ասավ. «պակսիլ է օրն,
Դիփ ինձ ին գովում՝ քաչալն ու քոռն.
Քիզ կու քոռացնե իմ մատղի զորն
Լավաշում փաթթած, թավազեն յիս իմ»։

Պարզ է, որ երկրորդ տողը պետք է կարդալ — «Դիփունն ինձ ին գովում՝ քաչալն ու քոռըն». եթե այս տողում աղավաղում չկա, ապա նախորդ տողում ասված «պակսիլ է օրըն» բառերը պետք է հասկանալ, որ մեծ պասի օրերը վերջանում են և անգամ աղքատներն ու պակասավորնըրը ոգևորված են վերահաս ուտիսով. միայն զարմանալի է, որ գ. տողում կրկնվում է քոռացնե բառը։ — Իսկ եթե «պակսիլ է օրըն» բառերը պետք է հասկանալ վատացել է ժամանակները, ապա ա. տողին ավելի շուտ պետք է հետևեր՝ «վուր դիփ քիզ ին գովում, քաչալն ու քոռըն։


60. Հայերեն բոլորագրով գրված այս խաղը երկու լեզվով հայերէնը պարունակում է առաջին տան տողերի առաջին կեսը, հաջորդ տների ա., բ., գ., տողերի երկրորդ կեսը և դ. տողերի առաջին կեսը։


61. Այս ձոնը, նվիրված Մշու սուրբ Կարապետին, տպագրվում է առաջին անգամ։ Սրա բնագիրը մնացել է երկու, սկզբնաղբյուր հանդիսացող, ձեռագրերում,