Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղերը, չորս և կեսը գրված են հայերեն-առաջին տան հանգակապ՝ վերջին տողի երկրորդ կեսը (բանեն դուս արած) և մյուս տուների վերջին տողերը:


Վրացերենը ա. տան ա և գ տողերի առաջին կեսն է և մյուս տուների առաջին տողերը, պարսկերենը ա. տան ա և գ տողերի երկրորդ կեսը և մյուս տուների երկրորդ տողերը...


Առաջին հրատարակության ծանոթագրության մեջ գրել էինք, որ «6-րդ տողը և 3-րդ տողի երկրորդ կեսը (պարսկերեն) համարյա անհասկանալի են և խիստ վիճելի»... Այժմ այդ կարծիքէն չենք։


Ընդհանրապես մինչև Սայաթ-Նովան չորս լեզվով գրված բանաստեղծություններ չեն հանդիպում, մանավանդ նման բովանդակությամբ։ Թեթև ժանրի կամ քեֆի ու գինու սազական գործ չէ սա, այլ թախիծով լի բանաստեղծություն, որին ինքը անվանում է «օգութլամա-յարանա»— խրատական, գրված յարի վրա։


Այս անգամ բնագիրն անջատում ենք և տալիս հավելվածի վերջում, առանց համարի:


64. Այս խաղը նույնպես չի հանդիպում բնագիր ձեռագրերում։ Բանահավաք Գ. Թարվերդյանը (աշուղ Վերդի), 1908 թ. արտագրել Է Թբիլիսիում հավլաբարցի Աննա Մուրադյան անուն-ազգանունը կրող մի պառավ կնոջ մոտ պահվող ձեռագիր տաղարանի ա. Ադրբեջաներեն գրված նման մոտիվով խաղեր կան նաև հեղինակի կազմած դավթարում։ Կարելի է ենթադրել, որ այս խաղը ևս հեղինակի ուշ շրջանում հորինված գործերից մեկն է, երբ նա տարիք էր առել և, մանավանդ, որպես հոգևորական, հարկադրված էր ավելի շատ գործ ունենալ Աստվածաշնչի-Ավետարանի հետ։


Խաղը պահպանված է համարյա անվթար վիճակում, որ զարմանալի է քիչ: Մի քանի տողերում միայն, ելնելով հանգերի, — վանկերի ու լեզվական թերություններից, կատարել ենք անհրաժեշտ սրբագրություններ ու խմբագրումներ։ Միայն 11-րդ տողն է փոխված մեր կողմից. Թարվերդյանի ձեռագրում այդ տողը գրված է. «Կամ տվից սատանի ձեռն». մենք (անվերապահ) գրել ենք «կամով ընկավ չարի թոռըն»։


Խաղը գրված է շարակապ (զինջիրլամա) ձևով։


65. Զևով ու բովանդակությամբ այս գեղեցիկ խաղը նույնպես հրապարակ է եկել Գ. Թարվերդյանի միջոցով: Ինչպես գրում է նա, Uայաթ-Նովայի անունը կրող չորս այլ հայերեն և 11 ադրբեջաներեն խաղերի հետ, գրի է առել Թբիլիսիում, 1908 թ., ոմն ծերունի նախշքար Աղալո Գէորգյանի մոտ պահվող հին ձեռագիր ժողովածուից։ Մյուս խաղերի հետ Թարվերդյանը հրատարակել է առաջին անգամ 1936 թ. Պատմ. և Գրակ. ինստիտուտի «Տեղեկագրում» (№ 1), իսկ հաջորդ տարին՝ իր կազմած «Հայ աշուղներ» ժողովածուի մեջ:


Թարվերդյանի կողմից հրապարակված խաղերի մեջ, որոնք կրում են Սայաթ-Նովայի անունը, միայն այս և նախորդ խաղն է, որ տեղ գտնելով սույն ժողովածուի մեջ, համարյա տեղ չեն թողնում վերապահության, որովհետև, ըստ ամենայնի, համապատասխանում են երգչի ստեղծագործություններին, թեև վերջինս քիչ ավելի մոտ է Շամչէ-Մելքոյի ոճին։ Գ. Թարվերդյանի ձեռագրում.

ա. տողը գրված է. — «էրեսիտ դեմ բանգ իս արի.»
է. տողի ղադանգ-ը գրված է խափանգ.
2-րդ տան դ. տողում գրված է նո-այբ.