Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՎԵԼՎԱԾ Ա.

1. (66) Այս և սույն հավելվածի հայերէն հաջորդ խաղերը մենք վերապահությամբ ենք զետեղում սույն ժողովածուի մեջ, թեև անառարկելիորեն վերագրվում են Սայաթ-Նովային։ Կան ևս մի քանի այլ խաղեր (հրատարակված), որոնք նույնպես իրենց որակով ու բովանդակությամբ, ոչնչով պակաս չեն երգչի շատ խաղերից, բայց իրենց ոճի, լեզվի, տեխնիկայի, որոշ չափով և բովանդակության տեսակետից, ոչ միայն վիճելի հարցեր են հարուցում, այլ այնքան կասկածելի են, որ մենք շարունակում ենք խուսափել ժողովածուում տեղ տալուց։ Որքան տարօրինակ թվա ընթերցողին, այդ թելադրում է և մեր ինտուիցիան, թեև հանդիմանություններ ենք լսել (բանավոր և մամուլում) «բծախնդիր զգուշավորության» համար, «նորանոր գոհարներն աչքաթող անելու» առթիվ։


Այս խաղում տարակուսանք է հարուցում ոչ միայն հեղինակի՝ Արութին անունը, որի նման փաստ չունենք և ոչ մի այլ խաղում, այլև տեխնիկան։


Հնարավոր է (և անխուսափելի), որ լեզուն ենթարկված լինի խմբագրումների, հնարավոր է և այն, որ մեկը Սայաթ-Նովա կեղծանունը բաց է արել, գրել Արութին: Կարելի է ենթադրել, որ սա գրվել է շատ վաղուց, մինչև կեղծանուն ընտրելը և այլն։ Բայց բանն այն է, որ երգիչն այս տաղաչափությամբ հայերէն մուխամմազներ չունի, փոշմանելու, բարիշելու, փաթաթվելու նման բառերով հանգերի սիմֆոնիա չէր ստեղծի, վերջապես՝ «կամով ու ճիտ անելով փաթաթվելու վախտն է» գռեհիկ պրոզայով խաղ չէր ավարտի, մի հեղինակ, որի չափի զգացումն ու բարոյական նորմաները վեր են ամեն երևակայությունից... Թեև պետք է խոստովանեմ, որ միայն նույն վերջին տան առաջին երեք, նույնիսկ չորս տողերը միանգամայն համապատասխանում են Սայաթ-Նովային։


Առաջին տունը, իր բովանդակությամբ և սկսվելու ձևով, համապատասխանում է այդպիսին լինելուն, բայց հանգավորումը բնավ հատուկ չէ առաջին տանը, որի բոլոր տողերի հանգերը պետք է լինեին...« — Էլու վախտն է»: Պետք է ենթադրել, որ սկզբից մեկ, կամ ավելի ճիշտ՝ երկու տուն պակասում է։ Առաջին անգամ հրապարակ է հանել նշանավոր հայ նկարիչ և գրական գործիչ Գ. Բաշինջաղյանը «Մարտակոչ» թերթում (1024, № 181)։ Խաղը նրան տրամադրել է Ս. Օգանեզաշվիլին, որն արտագրել է Վրաստանի արխիվի պատառիկներից։ Գ. Բաշինջաղյանը ևս գտնում է, որ աղավաղված է և սկզբից առնվազն մի տուն պակաս։


2. (67) Գ. Թարվերդյանի հրապարակ հանած հայերեն վեց խաղերից մեկն է, որոնցից երկուսի մասին (64, 65) խոսեցինք վերը։ Իր ասելով, սա ևս արտագրված է ծերունի վարպետ Աղալս Գէորգյանի մոտ գտնվող ձեռագիր ժողովածուից։ Տների քանակով, տաղաչափությամբ, հանգերի ներդաշնակությամբ և մանավանդ բովանդակությամբ համապատասխանում է երգչի կենսագրությանն ու թողած ժառանգությանը, բայց որոշ բաներով չի հարազատանում