Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30. Այս բողոքը ամբաստանված երգչի ճակատագրական օրերի ստեղծագործություններից մեկն է, երբ դեռ հույս ուներ, թե թագավորը ներողամիտ կլինի, կամ լրջահայաց և պալատական մեծամեծների տրամադրությունը չի բաժանի։ Սակայն, ինչպես հայտնի է, այդպես չեղավ և հաջորդ չափածո-դիմումի մեջ երգիչն արդեն այլ լեզվով է խոսում։


31. Այս հանրածանոթ խաղը, անշուշտ, ուղղված է վրաց Հերակլ թագավորին, որի համաձայնությամբ, կամ հրամանով, երգչին, բռնությամբ «սգավորի սև կարա» (քահանայէ տարազ) էին հագցնում (1760—1763 թթ.), կամ արդեն հագցրել էին։ Սայաթ-Նովայի կենսագրական և անձնական ու քաղաքացիական արժանապատվության դրսևորման լավագույն փաստաթուղթն է հանդիսանում այս խաղը։


Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել երկու անգամ՝ տես «Ալմանախա, էջ 49 և «Սովետական գրականությոըն», 1941, № 2, առավել ջանացել ենք հարազատ մնալ բնագրին։


32. Այս խաղով, ըստ երևույթին, ավարտվում է ոչ թե երգչի ստեղծագործության շրջանը, որը սրա գրելուց առնվազն 15 տարի առաջ էր տեղի ունեցել, այլ ավարտվում է ընդհանրապես նրա գործունեությունը։ Սա գրված է, անշուշտ, Հաղպատում, երբ արդեն կինը մեռել էր (1768) և որոշ ժամանակից հետո, կարզվելով վարդապետ, Զաքաթալայի Կախի ավանից (ուր մի քանի տարի արդեն, աքսորականի վիճակում քահանա էր), փոխադրում են Հաղպատի նշանավոր վանքը։


Այստեղ դրսևորվում են անցյալում բուռն կյանք ունեցած երգչի լավ օրերի հիշողությունները և գրելու ժամանակի մռայլ վիճակի ողբը, գրված հեռվից («հիմա այնտեղ...»), առանց կրքի, առանց անմիջական բողոքի։ Այս ժամանակ Սայաթ-Նովան երևի եղած պետք է լիներ 60—70 տարեկան։


Սրանով համարյա մոտենում է մեզ հասած վրացերեն խաղերի ավարտը: Մնամ է թարգմանելու մի երկու խաղ միայն, որոնց հավաստիությունը, Սայաթ-Նովայի գրչին պատկանելու տեսակետից, մասամբ վիճելի է դեռ։ Ի. Գրիշաշվիլու հրատարակած 28 խաղից միայն մեկը չենք թարգմանել, որովհետև, ինչպես ապացուցել է Գ. Լեոնիձեն (որին համաձայն ենք, անվերապահորեն): պատկանում է Մեջնուն մականունով Ստեփան Մկերվալուն (դերձակ)։


Վրացերենից 28 խաղ թարգմանել է (տողատակ) վաստակավոր մանկավարժ, հանգուցյալ գրականագետ Արշակ Մեհրաբյանը, 4-ը՝ բանասեր—ուրարտագետ Մարգարիտ Իսրայելյանը։