Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի՞թե ոչով յար չէ սիրել, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա,
Քեզ սիրելուց խենթացել եմ, ման եմ գալի յանա-յանա,
էս ցավից թող մարդ չքաշի՝ կեսի կեսին չի դիմանա,
Սիրտս լորի պես խորվեցիր, սիրույդ կրակով, աչքի լույս:

Դոստերիս դուշման շինեցիր, օտարներին ո՞նց դոստ անեմ,
Անցած օրերն էլ չեմ տեսնում, քանի կուզի որ ղաստ անեմ,
Աստված վկա, խիստ դժվար է, գլուխս ինչպե՞ս դուս տանեմ,
Ես մի փոքր նավի նման, քո սերըն է ծով, աչքի լույս։

Կուզեմ բերանս բաց անեմ, զովքդ ասեմ թարիփի պես,
Տաս տարի է ման եմ գալիս փադիշահի շարիփի պես,
Օխտը տարի էլ ման կգամ, սազը ձեռիս, Ղարիբի պես՝
Իմ հույս Շահսանամս դուն ես, էլ չունիմ ոչով, աչքի լույս։

Թեկուզ հազար դարդ ունենամ, ես սրտումս ա՜հ չեմ ասի,
Իմ տեր-տիրականը դուն ես, էլ ուրիշի Շահ չեմ ասի,
Սայաթ-Նովեն ասաց, զալում, ես էն մահին մա՛հ չեմ ասի,
էնքան ըլի դո՛ւն վրես լաս, մազըդ շաղ տալով, աչքի լույս։


33

էնդուր աչքս չէ ցամաքում՝ սրտիս մեջն արին մնաց,
Ոչ մի ճարով չլավացավ՝ մհլամս հետ յարին մնաց.
Սիրո ցավից հիվանդ պառկած, աչքս ճանապարհին մնաց,
Երբ մեռա, նոր ինձ տես եկավ, նազն բեիղրարին մնաց։

Գարունքվա վախտը լցվել է, երանի ձեզ, ծաղկած վայրեր.
Թե բլբուլին բաղն եք ղրկել, մանուշակով լիքն սարեր,
Բա ինչի՞ ձայնը չի գալիս, սալբի-չինար, էդ ի՞նչ արիր,
Ճյուղքդ բլբուլին սպաներ՝ կարմիր վարդը խարին մնաց։

Ալ կակաչըն, ասին, սարում խաբել է ղարիբ բլբուլին,
Երբ բլբուլը միտն գցեց ռեհնով կապած վարդ-թայգուլին.
Ո՛վ շուտ գնաց, վարդը քաղեց, չասին, թե պետք է բլբուլին.
Վա՛յ քու օրին, զարիբ բլբուլ, որ լեշդ չափարին մնաց։

Խոսքերդ քա՜ղցր-քաղցր են, լեզուդ շաքարի նման է,
Զեռիդ բռնածը շարբաթ է, խմողն էլ ի՞նչ վնաս կանե.
Շաբաթվա օխտն օրերին էլ քու հագածը տոնական է,
Հագել ես բեհեզ ծիրանին, ծալած ղալամքարին մնաց։

Աշուղի լեզուն բլբուլ է, օրհնանք ունի, նալաթ չկա.
Շահի մոտ խոսքն անց կըկենա, սպանելու ջալլաթ չկա.
Իշխան ու դատաստան չկա, մի արդար ադալաթ չկա,
Մի մարդ չկար, որ ազատեր, Սայաթ-Նովեն դարին մնաց: