Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱԶՄՈՂԻ ԿՈՂՄԻՑ

Ուղիղ հարյուր տարվա ընթացքում, 1852—1952 թթ., Ստյաթ-Նովայի հայերեն գրած խաղերը, լրիվ կամ ոչ բոլորը, առանձին գրքերով-ժողովածուներով հրատարակվել են 12 անգամ, որից ութը՝ 1931 —1952 թվականներին:


Այս քանակը ինքնին վկայում է մեծ երգչի գրական ժառանգության շուրջը վաղուց սկսված հըտաքրքրության, նրա հանդեպ արթնացած ինքնաբուխ սիրո բուռն այը: Սակայն, ավելի քան նշման արժանի Է այն, որ այս հարյուրամյակում տասնյակ հեղինակներ այս կամ այն առիթով գրել են բանասիրական շատ հոդվածներ, հաճախ սուր բանավեճի բռնվելով երգչի որևէ գործի, կենսագրական որևէ էջի շուրջը, անգամ նրա մեկ բառի մեկնության համար: Զանազան ժողովածուներում և մամուլում բազմիցս հրապարակվել են Սայաթ-Նովայի առանձին խաղերը, երբեմն մեկ-երկու տասնյակի չափ, գրվել առանձին ուսումնասիրություններ:


Ավելին. Սայաթ-Նովայի շուրջը ահագին գրականություն է ստեղծվել նաև ռուսաց լեզվով, սկսած 1851 թվականից: Այդ տարվա սկզբին ռուս գրող Յակով Պոլոնսկիք, Թիփլիսում, իր ընկեր բարեկամ Դ. Ախվերդյանից ստացել էր, դեռևս տպագրության միջոցով լույս աշխարհ չտեսած, երգչի ոտանավորներից մի քանիսը, թարգմանել, ծանոթացել կենսագրության հետ և ռուսատառ «Կավկազ» թերթում առաջին ջերմ խոսքի, գիտական բարձր գնահատականի հետ հրապարակել իր թարգմանությունները: Սակայն երգչին իր ողջ մեծությամբ ռուս (և ոչ միայն ռուս) իրականությանը մեր դարասկզբին բացառիկ սիրով և մեծարումով ծանոթացրեց ռուսական կուլտուրայի խոշորագույն դեմքերից մեկը՝ բանաստեղծ- գրականագետ Վալերի Բրյուսովը, միաժամանակ տալով 12 խաղի հրաշալի թարգմանությունը: Սայաթ-Նովայի խաղերի ժողովածուն ռուսերենի թարգմանած, առանձին գրքով, լույս է տեսել երկու անգամ:


Թիփլիսում՝ Վրաստանում ծաղկած երգչի մասին գրավոր հիշատակություններ պահպանվել են միմիայն վրաց լեզվով և վրաց տառերով (չհաշված իր՝ հեղինակի մի քանի հայերեն նշումները). ուստի, պակաս հարուստ չէ նրա մասին ստեղծված նաև վրացերեն գրականությունը: Վերչին 40-ամյակում, մանավանդ երգչի միջավայրի և նրա կենսագրության մութ ու խրթին հարցերին վերաբերող ամենաբովանդակալից հատուկ ուսումնասիրությունները լույս են աեսել վրաց լեզվով: 1918 թ. պոետ Ի. Գրիշաշվիլին հրատարակեց Սայաթ-Նովայի վրացերեն գրված 28 երգերի առաջին ժողովածուն, ընդարձակ առաջաբանով, պոետ Լեոնիձեն,