Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՅԱԹ—ՆՈՎԱ

(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ[1])

Հայ ժողովրդական երգիչ-գուսան Սայաթ-Նովան պատկանում է գրականության և արվեստի այն բացառիկ դեմքերի շարքին, որոնց ստեղծագործական ժառանգությունը հաջող քննություն է հանձնում ամենամեծ քննադատին՝ ժամանակին, և իրենք էլ, որքան հեռանում են դեպի դարերի խորքը, նույնքան բյուրեղանում, պայծառանամ են և դառնամ գալիք սերունդների սիրելին։


Հարուստ է միջնադարյան հայ աշխարհիկ տաղերգուների թողած ժառանգությունը, թեև այն հասել է մեզ ոչ ամբողջությամբ։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ տաղերգության լեռնաշղթայի բարձր գագաթներն են հանդիսանում Ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Գրիգոր Աղթամարցին և Նաղաշ Հովնաթանը։ Եթե, իրավացիորեն, հանդիմանություն ստանանք այս անունների քչության համար, ապա այդ միմիայն ուրախություն կպատճառի մեզ, սակայն, համոզված ենք, որ բոլոր հայ ընթերցողների և մասնագետների կարծիքն արտահայտած կլինենք, եթե ասենք, որ Սայաթ-Նովան հայ տաղերգության լեռնապարի բարձրագույն գագաթն է, որ 13 — 13-րդ դարերի այդ նշանավոր տաղերգուների համաստեղծության մեջ փայլում է որպես առաջին կարգի մեծության աստղ, որովհետև, իր բանաստեղծական հանճարի ուժով, ժողովրդական-գուսանական արվեստը հասցրեց համաշխարհային պոեզիայի բարձրագույն աստիճանին։


Սակայն այս չէ միայն, որ ժողովրդի զավակ գուսան-բանաստեղծին դնում է բացառիկ վիճակի մեջ, Սայաթ-Նովան նույնպիսի տաղանդով, ժամանակակիցների վկայությամբ, միաժամանակ հանդես է եկել որպես անզուգական նվագող, որպես գերող ձայնով օժտված երգիչ, որպես ստեղծագործող երաժիշտ, որի հուզիչ, ախորժալուր երգերը հաճույքով ու անձանձիր լսել և լսում են ոչ միայն Հայաստանում և Անդրկովկասում, այլ շատ հեռուներում։ Ավելին. Սայաթ-Նովան բացառիկ է և նրանով, որ համարյա հավասար ուժով տաղեր է հորինել երեք լեզվով—ոչ միայն իր մայրենի լեզվով, այլև վրացերեն ու ադրբեջաներեն (նույնիսկ պարսկերեն), քաջ տիրապետելով այդ բոլոր լեզուներին։


Դեռ էլ ավելին, երկու հարյուր տարի առաջ վրաց և հայ գրականության մեջ Սայաթ-Նովան հիմք է դրել ժողովրդական-աշուղական նոր դպրոցների (արեվելյան ձևի) և ամենայն իրավունքով պատվավոր տեղ գրավել այդ երկու, դարերով ամենամոտիկ, ժողովուրդների գրականության պատմության էջերում: Ինչպես տեսնում ենք, «մուսաները» ոչինչ չեն խնայել անհայտ ու աղքատ ընտանիքից ելած կիսաճորտ պատանի Արութինին։ Բայց ավելի ճիշտ է ասել՝ նրա

  1. Քաղված դեռ չտպագրված հատուկ ուսումնասիրությունից: