Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնական առատ ու ներդաշնակ հատկությունները, ավելի քան երկու հարյուր տարի առաջ, հասարակական շատ կարճատև ամառ ապրող մի ժամանակաշրջանում, պարարտ հող են գտել ժողովրդական հանճարի անդաստանում, սնվել ժողովրդական ստեղծագործության անսպառ և վճիտ աղբյուրներից։


Ո՞վ էր Սայաթ-Նովան։ Հալեպից եկած ոմն պանդուխտ Կարապետի և Թիփլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին։ Այս անվիճելի է, մի քանի անգամ նշված հենց իր՝ Սայաթ-Նովայի ձեռքով:


Վրաստանի վերջին թագավորի որդիներից Թեյմուրազը, որն անձամբ տեսել էր Սայաթ-Նովային, նրա ծերության ժամանակ, ծանոթ էր երգչի եռալեզվյան- ստեղծագործոոթյուններին (տիրապետելով այդ լեզուներին), որը պատվիրել էր երգչի որդուն, իր համար կազմելու Սայաթ-Նովայի խաղերից մի ժողովածու իր հուշերում հետևյալն է գրել. «Այսպես Սայաթ-Նովան Իրակլի երկրորդի ժամանակ ճորտագրված էր Գիորգի 13-րդի (այսինքն իր հոր — Մ. Հ.) մոտ և համարվում էր արքայազուն Գիորգիի սեփականությունը, նրա գլեիփն, սակայն հաճախ լինում էր Իրակլի թագավորի մոտ, որովհետև շատ լավ սազանդար էր. զանազան գործիքներ նվագող։ Նվագում և միաժամանակ ստեղծագործում էր և երգում զանզան երգեր։ Նա Վրաստանի հայերից էր—Գիորգի 13—րդին պատկանող արքունական Սանահին գյուղից: Ստեղծագործում էր հայերեն և թուրքերէն երգեր ու բանաստեղծություններ՝ զանազան դեպքերի նվիրված։ Յուրաքանչյուր դէպքին զարմանալի սազացնում էր հարմարավոր, խելացի տողեր ու երգում »- Թեև հասարակ տողեր էին դրանք, ժողովրդական գունավորումով կազմված, բայց խիստ դուրեկան» (Գ. Լեոնիձեի «Սայաթ-Նովա» գրքից):


Եթե պանդուխտ Կարապետը հիմնավորվել էր Սանահնում, ապա, ընդունված կարգով, պարտավոր էր կալվածատիրոջ ցուցակում գրանցվել որպես գլեխի (անձնական ազատությունից չզրկված մի տեսակ կիսաճորտ, ժամանակավոր պարտագրված)։ Եվ իրոք, երգիչը, իր վրացերեն հայտնի բողոք-ոտանավորի մեջ պարզ ասում է. Մե գլեխի վար, թավադոբա արմինդա (ես գլեխի (ռամիկ) եմ, իշխան լինել չեմ ուզում)։ Իսկ խաղերի մեջ նրա, բազմիցս, գործածած ղուլ, ստրուկ, ճորտ բառերը, սոսկ բանաստեղծական արտահայտություններ են։


Երգչի առաջին կենսագիր և հրատարակիչ Գ. Ախվերդյանից սկսած նրա ծննդյան տարին ընդունված է 1712 թվականը։ Դրանից շատ ուշ, մինչև վերջերս սկսվեց այդ թվականի վերանայումը, առաջարկների ու թվաբանական հանում-գումարումների տարափով, վեճը տարուբերելով 1711—1722 թվականների արանքում, նշվեցին նույնիսկ 1710 և 1724 թվականները։ Այս հարցում (և ընդհանրապես համառոտ այս ակնարկում) բանավեճի մեջ չենք մտնում ոչ մի բանասերի հետ։ 1942 թվականին, վերլուծելով երգչի հայերեն աղավաղված մի խաղը (51), եկանք այն հաստատ համոզման, որ Սայաթ-Նովան ծնվել է 1717 թվականին (տես խաղի ծանոթ.)։


Բնավ էական հարց չէ, թե այդ ծնունդը տեղի է ունեցել Սանահնում, թե Թիփլիսում։ Ավելի հավանականն այն է, որ ապագա երգչի մանկության տարիներին նրանց ընտանիքը ապրել է Սանահնում, իսկ 1719—1722, կամ 1723—1724 թթ. լեզգիների ասպատակության, կամ թուրքական արշավանքի տարիներին, ողջ գյուղի հետ, գաղթել Թիփլիս։ Այստեղ պատանի Արութինը սովորած է արհեստ, երևի ջուլհակություն։ Անտարակույս, նա աշակերտել է մի վանական դպրոցի—հավանաբար 15—17 տարեկանում (1732—34 թթ.), և այդ կլիներ հինավուրց հռչակված Սանահնի դպրոցը։