Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր «կենսագրական» ոտանավորում Սայաթ-Նովան գրում է.


«Քսան տարուց էշխի ընկած, լալ կծախեմ սովդաքարին»։ Այս «լալ ծախելը», անկասկած, իր երգերի ու խաղերի մասին է ասված, իսկ նրա քսան տալիքը լրանամ Է 1737 թվականին։ Իրոք, 1742 թ. երգչի գրած ադրբեջաներեն մի բարձրորակ ոտանավորից պետք Է եզրակացնել, որ նա մինչև այդ ևս գրել է, ունեցել տարիների փորձ ու վարժություն։ Չի կարելի, իհարկե, բառացիորեն հետևելով ընդհանրապես գրված «կենսագրական» ոտանավորի տողերին, ժխտել, որ Արութինը խաղ հորինելու ավելի վաղ փորձեր չի արել հենց պստիկ ժամանակից («պստուց»)։ Չէ՞ որ ինքն ասում է.՝ «Ես չիմացա, թե աշըղությունը ոնց փաթաթվեց իմ գլխին, գուցե կաթի հետ եմ ծծել՝ լուս դառնա իմ մոր հոգին (Ա 47):


Ըստ երևույթին, երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա գրական-կեղծանունը (ճիշտը՝ Սէյազ Նէվա), որը պետք է համարել (պարսկերեն) «որսորդ- սիրահար երգի-ձայնի», կամ, որ ավելի քիչ հավանական է, պարզապես (թուրքերեն)—«Սալադի թոռ»: Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը սովորական է եղել հայերի մեջ։


Արվեստի մի քանի բնագավառներում (պոեզիա, երգ, նվագ) իր բացառիկ ունակությունները, շուրջ տասը տարի, Թիփլիսի նման քաղաքում ցույց տված երիտասարդը չէր կարող վրիպել նաև բարձր խավերի աչքից, մասնավորապես պալատական շրջաններից, երբ ինքը ծառայագրված էր և գրանցված թագավորական տան ցուցակներում:


Ինքը՝ Սայաթ-Նովան, իր կյանքի վերջին տարիներին պատմել է հետևյալը, «Ես գիտեի սազ նվագել. միաժամանակ պարսկական եղանակներին վրացերեն երգեր հարմարեցրի, մի բան, որը դեռ ոչ ոք չէր արել։ Երբ Իրակլի թագավորը մեջլիս կազմակերպեց և երաժիշտներիս տարան այնտեղ, ես պարսկական եղանակներով երգեցի վրացերեն։ Այդ բանը թագավորին շատ դուր եկավ և ինձ պարգև տվեց (խալաթ շնորհեց)։ Դրանից հետո շատերը ցանկացան իմ օրինակին հետևել։ Ինձ սիրով Էին ընդունում ամենքը ոչ միայն իմ երգելու արվեստիս, այլև կատակներիս ու այլ աշխարհային գործերիս — մարդկանց մեջ ինձ լավ պահել գիտենալուս համար» (Գ. Լեոնիձե, էջ 29—30)։ Համարյա նույն բառերով, այդ մասին պատմում են և վրաց ժամանակակիցները (նույն տեղում, էջ 11 —12)։ Բոլոր տվյալներից երևում է, որ երգչի համար բախտորոշ այս դեպքը եղել է 1744 —45 թթ., ուստի այդ տարիներին էլ նա, ադրբեջաներենին զուգահեռ, սկսել է նաև վրացերեն գրելը։


Հայտնի է, որ Սայաթ-Նովան սիրո երգերին զուգահեռ արձագանքել է և սոցիալական կյանքի հուզող հարցերին. «Խալխի նոքարը» ծաղրել, շանթել է ֆեոդալներին, վաշխառուներին և բարձր հոգևորականներին։ Այստեղից էլ ծագել է կոնֆլիկտ և անհավասար պայքար։ Օրինակ, անկասկած է, որ 1752—53 թթ. Սայաթ-Նովան ընկնում է աչքից և վտարվում պալատից. պետք է ենթադրել, որ նրա հակառակորդներին, ավելի շուտ նրանից վիրավորանք կրած մեծամեծներին հաջողվել է համոզել Հերակլին՝ սաստելու և վտարելու հանդուգն ռամիկին։ Բավական է կարդալ 1753 թվականին գրված երգչի հայերեն երկու ոտանավորներր, մեկը դիմում վրաց թագավորին, «Դուն էն գլխեն էմաստուն իս», մյուսը իր անձնական մտորումներն արտահայտող «Արի ինձ անգաճ կալ այ դիվանա սիրտ», արպեսզի պարզ լինի երգչի առաջին հալածանքն ապրելը։ Սա նրա համար կրկնակի վիշտ էր, որովհետև դրանով բաժանվում էր և իր գաղտնի սիրո օբյեկտից,