Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որը եղել է նույն պալատական միջավայրում։ Անհավանական չէ, որ երգչի սիրո այս փաստը ևս օգտագործած լինեն նրա դեմ, որն արտահայտվում է նույն թվականին գրված «Յիս կանչում իմ Լալանին» (11), ծածկատողեր պարունակող խաղում (տես խաղի ծանոթ.)։ Որ այս կոնֆլիկտի հիմնական պատճառւ երգչի սոցիալական մոտիվներով գրված սուր տողերն էին, հաստատվում է նաև վրաց «Դրոեբա» թերթում, 1878 թ., Զ. Մթածմինդելու հաղորդած վերսիայով. իբր Սայաթ-Նովան կալվածատերերին դատապարտող վրացերեն մի խիստ ոտանավոր է գրել, ճորտ գյուղացիներին հարստահարելու առթիվ, որը տարածվել է ժողովրդի մեջ և աղմուկ առաջացրել, և, որ ամենից ուշագրավն է, զայրացած ֆեոդալների գանգատները Հերակլը թողել է անհետևանք։ Եթե բարձր իշխանավորներին չհաջողվեց դրանով սասանել թագավորին, ապա երգչի սիրահարության գաղտնիքը բաց անելով անպայման կհասնեին իրենց նպատակին։


Երգիչը կրկին պալատ է վերադարձվում, ըստ երևույթին, 1755 թ.։


Հայտնի չէ, թե Սայաթ-Նովան մինչև երբ մնաց պալատում, որպես երգիչ-երաժիշտ, բայց առայժմ գուցե պետք է համաձայնել, որ նա իր սիրո և իմաստուն խրատների «դավթարը փակել է» 1759 թ. կեսերին։ Իսկ եթե 1759 թ. երկրորդ կեսից, թերևս մայիս ամսից, մինչև գեթ 1762—63 թթ, ևս շարունակել է գրելը, որն ավելի հավանական է, ապա պետք է ենթադրել, որ այդ ժամանակամիջոցում հորինած խաղերի ժողովածուն անհետ կորել է, գուցե և իր իսկ հեղինակի, կամ մեկ ուրիշի ձեռքով ոչնչացվել։ Դժվար թե միանգսմից նա խաչ քաշած լիներ իր վրա որպես երգիչ, կամ բավարարվել վրացերեն գրված մի երկու բողոք-դիմում ոտանավորներով (30, 31)։


Այսպիսով, Սայաթ֊Նովայի կենսագրության ամենակարևոր և անհայտության ամենից թանձր մշուշով ծածկված էջը 1759 թ. երկրորդ կեսից մինչև 1762 — 64 թվականներն են։ Կարելի է համաձայնվել արդեն ասված բանասիրական շատ տրամաբանական մի եզրակացության հետ, որ նա պալատից վտարվել է 1762 թ.: Ունենք և պակաս հնարավոր, բայց պատմա-բանասիրական գրավչություն ունեցող այլ ենթադրություն, կապված հայ քաղաքական գործիչ Հովսեփ Էմինի և վրաց թագավորի միջև, նույն այս թվականներին անհաջողությամբ ավարտված բանակցությունների հետ, սակայն իրականը և անժխտելին այն է, որ մի քանի տարի հետո, Սայաթ-Նովան, Տեր-Ստեփան անունով, այս անգամ հոգևորականի իր ձայնը լսելի է դարձնում Զաքաթալայի Կախի կոչվող հայաբնակ փոքրիկ ավանից։


Ինչպես երևում է երգչի ձեռագիր դավթարի ազատ էջերում նրա հարազատ որդու և բարեկամների ժլատ հիշատակարաններից, Սայաթ-Նովան մենակ է քշվել այդ խուլ անկյունը, Թիփլիսում թողնելով և իր սիրած դավթարը և իր ընտանիքը։


Իսկ ո՞վ կարող էր նրան պոկել իր սիրելի, իր «հոգևոր հայր», ամենազոր Հերակլ թագավորից։ Միմիայն ինքը՝ թագավորը, և ուրիշ ոչ ոք:


Մեր հաստատ համոզմամբ, այդպիսի պատիժը կրկին և միմիայն համապատասխանում է երգչի սիրո ռոմանը ջրի երես հանելուն։


Սխալ է գրականության մեջ տեղ գտած այն կարծիքը, որ իբր Սայաթ-Նովան հուսահատված, հոգնած աշխարհիկ կյանքից, իր կամքով է ընդունել հոգևորականի ծանր լուծը ապաշխարելու նպատակով։


Սայաթ-Նովայի պալատից վտարվելը տեղի է ունեցել երեքից հինգ տարվա ժամանակամիջոցում, որպես պատիժ, սակայն, անմիջապես անբաստանումից հետո է ձեռնադրվել քահանա, թե՞ երկու—երեք տարի անց, առայժմ դժվար է իմանալ: Անկասկած է այն, որ հայոց ՌՄԺԵ (1215 + 551) = 1766 թ. նրա ձեռ-