Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սկսած Գ. Ախվերդյանից, մինչև 1930 թվականը, 80 տարի, անվիճելի է համարվել այն ավանդությունը, որ Սայաթ-Նովան, շատ—շատերի հետ, սրա խողող սպանվել է Պարսկաստանի դաժան տիրակալներից մեկի՝ ներքինի Աղա—Մահմերդ խանի զինվորների կողմից, 1795 թ. սեպտեմբերի 20-ին, Թիփլիսի գրավման և ավերման ժամանակ։ Այդպես են պատմել Ախվերդյանին նրա թաղմանը մասնակցած իր ժամանակի ծերերը, 1848—1851 թվականներին, որը չեն ժխտել երգչի թոռները և ժամանակակիցները։


Պարսից բանակը, հազարավոր գերիներով ու մեծ ավարով Թիփլիսից դուրս գալուց հետո Սայաթ-նովայի դին «թաղում են մեծ բերդի եկեղեցու հյուսիսային փոքր դռան առջևն։ Թեպետ Սայաթ-Նովու գերեզմանն չունի քար գցած, բայց էսպես պատմում են նրա թաղման պատահողներն», գրում է Գ. Ախվերդյանը։


Սակայն գիտական միտքը չի կարող բավարարվել ավանդություններով, երբ հանդես են գալիս դրանք մերժող կամ սրբագրող իրական փաստեր։


Վրացական արխիվներից և այլ գրական տվյալներից, Գ. Լեոնիձեն և պրոֆ. Մելիքսեթ-Բեկը հայտնաբերեցին վկայություններ, որ Սայաթ-Նովան մեռել է իր բնական մահով՝ 1801 թվականին։ Անկախ դրանից, վերը հիշված վրացի աբեղան Սայաթ-Նովային հանդիպել է Հաղպատում 1800 թ. աշնանը։ Իսկ եթե սրանց գումարում են և այն, որ Սայաթ-Նովայի նահատակության մասին ոչ մի ժամանակակից իր հիշողություններում չի նշել, բայց այդ օրը սպանված, նույնիսկ երկրորդական մարդկանց անուններ են տալիս, ապա նրանց կռվաններն ավելի զորավոր են դառնում։ Իր որդիները, մասնավորապես Օհանը իր գրություններում, (և թոռները) նույնպես ոչինչ չունեն ասած այդ մասին, բայց չունեն ասած և հակառակը։


Սակայն այս ամենը իրավունք չի տալիս առ այսօր ժխտել, որ Սայաթ-Նովան չի սպանվել, կամ չէր կարող իր բնական մահով, ավելի ուշ, մեռած լինել։ Բայց զորավորը և անժխտելի դարձածը երգչի գերեզմանի գոյությունն է, որի վրա 1914 թ. մայիսի 15-ին, հայ գրողների, մասնավորապես Հովհ. Թումանյանի և նկարիչ ու գրական գործիչ Գ. Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, ողջ Թիփլիսի հասարակայնության կողմից կանգնեցվեց մահարձան։


Թիփլիսի բոլոր լեզուներով խոսող բազմահազար բնակիչներ, համբարներն իրենց դրոշակներով, հայկական դպրոցների աշակերտները, բանվորներ, ծառայողներ, գիտնականներ, գրողներ և արվեստի գործիչներ, յուրաքանչյուրի կրծքին մի կարմիր վարդ, որպես երգչի սիրո սիմվոլը՝ այդ օրվա խորհրդանշանը, շարժվում են դեպի Կաթողիկե եկեղեցին և բացվում է համաժողովրդական շքեղ ու պատմական հանդես՝ նվիրված Սայաթ-Նովայի անմահ հիշատակին, նրա սրբազան դարձած գերեզմանի վրա։ Ահա՛, որն է անժխտելին։