Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու դար անցյալ ունեցող Սայաթ-Նովայից մնացած գրական ժառանգության գլխավոր առավելությունն այն է, որ չհաշված չնչին բացառությունները, ինչ մնացել և հասել է մեզ, պատկանում է իր հեղինակի սեփական գրչին, մասամբ էլ նրա որդու արտագրությամբ։


Արդ, երեք լեզվով, մինչև 1758—59 թթ., այսինքն երգչի 20—25 տարվա ստեղծագործական ոչ երկարատև ժամանակաշրջանում հորինած խաղերի ո՞ր մասը հասած կլինի մեզ։ Այս հարցին ճիշտ պատասխանել չի կարելի, բայց զանազան փաստերից կարելի է մոտավոր ենթադրության հանգել, որ ընդհանուրի մեջ կորուստը կազմում է շուրջ մեկ երրորդը, իսկ մեր ձեռքը հասել է 220—225 խաղ, որոնց մեջ ադրբեջաներենը կազմում է կեսից քիչ ավելին։


Այս քանակը, իհարկե, քիչ չէ, բայց և չի կարող տալ Սայաթ-Նովայի և նրա ստեղծագործության ամբողջական պատկերը: Կորած նույնիսկ մեկ ոտանավորը կարող է շատ կարևոր մի ամրողջ էջ պոկել հեղինակի կյանքից և աշխարհայացքի ամբողջությունից։


Թեև ադրբեջաներեն ամբողջական և անվիճելի 114 խաղերից 43-ը դեռ չենք թարգմանել, նույնիսկ կիսով չափ չենք վերծանել (բարդ բառախաղով՝ թեջնիսով գրված լինելու պատճառով), բայց և այնպես անհամեմատ ավելի ճանաչելի է դարձել Սայաթ-Նովան, սույն ժողովածուում տեղ գտած իր 170 խաղերով:


Սակայն վերջերս եռապատկված այս քանակից առաջ էլ, միայն 46, ապա մեր դարասկզբին 54-ի հասած խաղերով, Սայաթ-Նովան նույն սիրուն և հմայքին էր արժանացած, ինչ որ այժմ։ Մի քանի հայերեն խաղերին ծանոթանալուց հետո էր, որ ռուս գրականության և կուլտուրայի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ Վալերի Բրյուսովը, մոտ 45 տարի առաջ, գրեց հետևյալ տողերը. «Աշուղների պոեզիան անհասանելի բարձունքներին հասցնող երգիչը եղել է Սայաթ-Նովան. իր հանճարի ուժով ժողովրդական երգչի արհեստը նա դարձրեց պոետի բարձր կոչումը»։


Ինչպես հայտնի է, տասնյակ հայ, վրացի, ռուս, ադրբեջանցի և օտար հանրահռչակ հեղինակություններ ամենաբարձր, ամենաջերմ և անկեղծ գնահատականներով են խոսել Սայաթ-Նովայի մասին, վեր հանել նրա արժանիքները և տաղանդի ուժը:


Ինչպես Հ. Թումանյանն է ասել, Սայաթ-Նովան «մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի... գեղեցիկ ձևի մեջ մի մշտական հուր հոգի է նա, մի ազնիվ և լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա...»։


Իր ժամանակակիցներից մի ամբողջ գլխով բարձր կանգնած Սայաթ-Նովան, իրավամբ համարվել ու համարվում է Անդրկովկասի ժողովուրդների դարավոր բարեկամության մի անթառամ սիմվոլ։ Մանավանդ հայ իրականության մեջ, նա սիրված անուն դարձավ իր 4—5 տասնյակ հայերեն խաղերով միայն։ Իրոք, իր հայերէն խաղերում նա անկրկնելի է անմիջականությամբ ու պարզությամբ, անօրինակ է իր նրբությամբ ու գունագեղությամբ, բացառիկ է հոգու և մտքի, աչքի և լեզվի ներդաշնակությամբ, մի պարզ, գերող կախարդ, մշտապես բաբախուն ջերմ սիրտ, ժողովրդական մի իսկական հանճար։ Հայ գրականության մեջ մարդու և աշխարհի հետ այդպես են խոսել հատկապես Նարեկացին ու պատմիչ Լաստիվերացին,