Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աբավյանն ու Կոմիտասը, Թումանյանն ու Իսահակյանը, Դուրյանն ու Տերյանը, վերջապես այդպես է մրմնջացել դարերով տառապած հայ ժողովուրդը՝ հայ կնոջ և հայ պանդուխտի շուրթերով։


Ունկնդրած հայ ժողովրդական և ընդհանրապես արևելյան բանահյուսության գոհարներէն, Սայաթ-Նովան մի կողմից ձայնակցոոմ է միջնադարյան հայ տաղերգուներ Կոստանտին Երզնկացուն, Գրիգոր Աղթամարցուն և այլոց, իր անմիջական նախորդ Նաղաշ Հովնաթանին և մյուս կողմից Դոստիին, ադրբեջանական աշուղ-բանաստեղծ Աբբաս Դիվարդանլուն և այլոց, մի կողմից՝ բիբլիական «երգեր գոցին», մյուս կողմից՝ իր մինոր ձայնով, արևելյան հսկաներին՝ Ֆիրդուսուն և Բաբաթահերին, Նիզամուն և Ֆոլզուլուն, Սաադիին ու Հաֆեդին...


Իր սիրո մեծ տրագեդիան, մարդու հանդեպ տածած, անհասանելի և հրկիզող բուռն սիրո թափն ու մեծությունը երգելու համար երեսուն տարեկան Սայաթ-Նովան խորապես զգաց մայրենի լեզվի կարիքը, այն լեզվի, որով թոթովել է մանկուց, որով մտածել ու մտածում էր։ Սիրատոչոր բանաստեղծի վարար զգացմունքների համար լայն հուն է բացվում մայրենի լեզվի միջոցով և նրա հայերեն երգերը հորդում են ամբարտակը ճեղքած լեռնային գետի պես։ Սա բանաստեղծի ինքնաճանաչությունն էր, մեծ գյուտն էր, որին հասավ բնական և հասարակական զորավոր մղումով։


Անվիճելի է, որ Սայաթ-Նովան, մանավանդ հայ իրականության մեջ, հռչակվել է որպես լիրիկ, սիրո երգիչ, հատկապես իր անձնական անբախտ սերը անօրինակ թափով ու նրբությամբ երգելու համար։ Այս ամենը, իհարկե, նախ և առաջ պարտական է նրա բանաստեղծական տաղանդին, բայց երգչի նույնիսկ անձնական սերը և այդ մեծ սիրո մասին հորինած չափածո խոսքը հավասար չափով վառ ու անմար են մնում նաև այլ պատճառով։ Այն, որ երգչի անձնական սիրո պատմության և գրական-երաժշտական արտահայտության մեջ, նրա տաղանդի շնորհիվ, զարմանալի վարպետությամբ, չափի զգացումով ու անկեղծությամբ, հարազատորեն ցոլացել է իր ժամանակի հասարակական հարբերությունների և կրօնական կապանքների մեջ խեղդվող ու բոցկլտացող սերն ընդհանրապես և աշխատավոր ժողովրդի դարերով բանդած անբախտ սերը մասնավորապես։ Իսկ այս մեզ հետ կապված մի ամբողջ էպոխա է, մի աշխարհ, որի մեջ մարմնավորված է մեծ գուսանի անմեռ հմայքի գաղտնիքը, և որին նա հասնում է մայրենի լեզվով շարահյուսելու հատուկ ձևերով, կենդանի ոճերով ու պատկերներով։ Իր մայրենի լեզվով ևս մտնելով գրական ասպարեզ, Սայաթ-Նովան համարձակ կերպով դիմեց ժողովրդական հարուստ, կենսալի խոսակցական լեզվի օգնությանը, մերժեց տաղերգուների դարավոր քարացած բանաստեղծական ձևերը, առաջ քաշելով ժողովրդական ոճերն ու ներդաշնակ՝ բացառիկ սիմֆոնիայով հանգավորման եղանակները: Սակայն սրանք ևս անբավարար էին նրա այդ մեծ գործի համար և նա ավելի մեծ համարձակությամբ դիմեց ժողովրդի մեջ տարածված ու հարազատացած պարսկական և թուրքական պոեզիայի հարուստ ձևերին ու հանգավորման եղանակներին և, հայերէն ծանօթ, այդ լեզուներից ընդհանրացած բազմաթիվ բառերի ու տերմինների։


Ավելին. Սայաթ-Նովան կոտրեց նաև շեշտադրման քարացած կանոնները և կիրառեց ժողովրդական-զրույցային ազատ շեշտը, հաճախ դնելով բառերի առաջին վանկի վրա, մանավանդ, որ հայոց լեզվում շեշտը չի փոխում բառի իմաստը: Այսինքն Սայաթ-Նովան կատարեց այն, ինչ չկարողացավ հաղթահարել իր ավելի կրթված ու գրագետ նախորդը՝ Նաղաշ Հովնաթանը։