Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնա նավ, իսկ երիտասարդ Հարրիսոնը ինքն է ընկերանալու իր քրոջը:

— Իսկ ո՞ր է փեսացուն:

Նա այնտեղ է, նավի վրա, խոսում է հյուրերի հետ և ծխում է, նավի վերևի անկյունը, բարձր պալմայի ետև կանգնած:

Ատամները ցցված, նիհար, երկարավիզ, երկար դեմքով մի երիտասարդ էր նա:

— Ի՜նչ նիհար է, — հարեցի:

— Նիհարությունը ոչինչ, — պատասխանեց Հելենան, — այնպես հիմար աչքեր ունի և առհասարակ այնպես հիմար է:

— Ինչո՞ւ են նրան ընտրել:

— Հարուստ է, — վերջացրեց Հելենան:

Հանկարծ պարը դադարեց, սկսեցին մի ուրիշ բան նվագել:

Երիտասարդ Հարրիսոնը իր քրոջ թևից բռնած՝ սկսեց բարձրանալ քարե սանդուխներից: Երիտասարդ լեյդին ամբողջովին սպիտակ էր հագնվել, գլխի վրա մարգարտե պսակով, կրծքի վրա փայլում էր մի խոշոր ադամանդ: Երկրորդ անգամն էր, որ ես տեսնում էի երիտասարդ լեյդիին: Փոքրիկ կազմվածքով, բայց ծանրաշարժ մի աղջիկ էր նա: Հյուրերը հավաքվեցին փայտե կամուրջի մոտ, ծափահարությամբ ընդունեցին նրան:

Փեսան ժպիտով առաջ եկավ և բռնելով իր հարսնացուի ձեռքը, համբուրեց: Նրանք երկուսով առաջացան:

Դրանից անմիջապես հետո՝ հայտնվեց ծերունի Հարրիսոնը, որ բոլորին բարևելուց և ձեռք տալուց հետո՝ համբուրեց իր աղջկան և փեսային: Ապա նորից սկսեցին պարել: Ծերունի Հարրիսոնը իր կնոջ հետ կարճ ծամանակով պարելուց հետո՝ հանձնեց նրան հյուրերից մեկին:

Ժամը արդեն 11 էր: Ահա հայտնվեցին երկու խոշոր ավտոմոբիլներ և կանգնեցին լճի ստորոտում: Դուրս բերվեց ավտոմոբիլից մի ծալովի սեղան, որը երբ բաց արեցին, բռնեց նավի մի ծայրից մյուսը: Ապա սեղանը ծածկվեց խմիչքներով և ուտելիքներով: Նախքան սեղան նստելը՝ բոլոր հյուրերն էլ շամպայն խմեցին մր. Հարրիսոնի առաջարկով: