գրկեցի նրան, գլուխս թաղեցի որմայով բանված արյան գույն մետաքսե հին, անտիկական շորերի ծալքերում և լցրի նրա կուրծքն իմ երիտասարդ ուրախության արցունքներով։ Մեր շուրջն ամերիկացիներ էին, ֆրակներ հագած մարդիկ անգլերեն լեզվի հատուկ մլավյուններով և բացականչություններով․ կանայք ոսկրոտ էին, երկար, նիհար, մեղվիրան, ատամները ցցած անհրապույր և անհրավեր դեկոլտեներով, ապշած ու հիմարացած՝ դիտում էին իմ մոր, դիտում էին արևելյան այդ խոլությունը, որ արժեր դեզերն ամերիկյան բոլոր ոսկիների, դեզերը կաթոլիկ եկեղեցու արևելքից գողացված գոհարների, աստղանման բոլոր քարերի։
Առավոտյան երբ աչքերս բաց արի, մի անգամ էլ խորը շնչեցի բուրումը սպիտակ անկողնի, բարի, հյուրընկալ անկոդնի։ Ցատկեցի անկողնից մյուսների հետ, ուրախ, զվարթ, գաղջ մթնոլորտը տալիս էր ինձ ճկունություն և ոստում։ Գնացինք պահարանների սրահը, հագնվեցինք։ Մեզանից 50 հոգու անունները կարդացին, մենք մնացինք այնտեղ, մյուս գիշերողները վազեցին դուրս։ Սարսափելի դեմքեր կային գիշերողների մեջ, որոնք հայտնաբերվեցին, երբ հագան իրենց առօրյա շորերը, արտահայտություններ, որոնք չէին նշմարվում գիշերը, կիսալույսի տակ, քնի մեջ, սպիտակ և խաղաղ անկողիններում։ Մնացող 50 հոգու յուրաքանչյուրին մի-մի աշխատանք տվին անելու. ինձ հանձնարարվեց շենքի 25 լուսամուտների ապակիները մաքրել։ Ուրախությամբ և վարձահատույց լինելու բավականությամբ մաքրեցի ապակիները և իջա գրասենյակ, շնորհակալություն հայտնեցի գրասենյակի վարիչին, որը նույն անձնավորությունը չէր, որին ես գիշերը հանդիպեցի։ Վարիչը զարմացավ, որ շնորհակալության եմ հայտնում։ Բոլորն էլ դուրս էին եկել առանց շնորհակալություն հայտնելու։
— Ինչո՞ւ եք Նյու Յորք եկել,— հարցրեց վարիչը։
Մի պահ մտածեցի ճիշտը չասել, որպեսզի դաժանորեն չծիծաղի, բայց երբ նորից նայեցի վարիչի բարի (կարծես օտարական լիներ) դեմքին՝ ասեցի.
— Նյու-Յորք եմ եկել դրամատիկական ակադեմիա մտնելու։