Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մր. Գոդբաուտի մասին պատմում էին, որ նա կողոպտել է այրի կանանց, առևտրական դժվարությունների հանդիպած փոքր խանութպաններին, իրենց հերթական վճարումներին չհասնող փոքր առևտրականներին, կողոպտել է, բացի Դուգլազից, նաև տասնյակ ուրիշ անխնամակալ և ժառանգություն ունեցող մանուկների։

Այս պատմությունները պատմում էին Ընկերության հին ծառայողները, պատմում էին ոչ թե անգոսնելու նպատակով, այլ իբրև գովասանք․ ցույց տալու համար, թե մր․ Հերբերտ Գողբաուտը ի՜նչ վիճակից ի՜նչ վիճակի էր հասել։

–Առևտուրը առևտուր է,– ասում էին բոլորը և այս առևտրական գարշելի լոզունգով արդարացնում էին անլուր խարդախություններ։

5

Գողբաուտ ընկերության մոտ ծառայելու 4–րդ ամսում սկսվեց Նյու–Յորքի քաղաքի Մեյըրի(քաղաքագլուխ) ընտրական պայքարը։

Նյու–Յորքի քաղաքի քաղաքական պատմության մեջ աննախընթաց պայքար էր սկսվել այդ ընտրության շուրջը։ Ամբողջ Նյու-Յորքը խառնվել էր իրար։ Սարսափելի ուժեղ և կեղտոտ պայքար էր մղվում նախկին հանրապետական Մեյըրը փոխարինելու դեմոկրատական թեկնածուով"

Դեմոկրատական կուսակցության թերթերը պաշտոնի վրա եղող Մեյըրին, Հիբըն Ֆուլլըրին մեղադրում էին անլուր ավաղակությունների մեջ։ Դեմոկրաըական թերթերը գրում էին, որ Հիբըն Ֆուլլըրը կողպտել է քաղաքի ջրային տնտեսությունից հազարավոր դոլլարներ։ Կաշառել է Նյու–Յորքի դատավորներին, որպեսզի իր ցանկացած մարդկանց նպաստավոր վճիռներ և որոշումներ կայացնեն, իր պաշտոնի ուժը գործ է դրել և բուադատել ստորադաս պաշտոնյաներին իր ուղած ձևով գործերը վարելու։ Բոլոր հասարակական գողերը դիմել են Հիբըն Ֆուլլըրին, խոստացել են նրան անսահման կածառքներ և նա կանչել է դատավորներին իր տունը և թելադրել նրանց դատավճիռները, հենց իր տանը, առանց «դեմոկրատական» դատավորության։