Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասատուրը թշվառության մեջ դառնացել էր:

Որոշեցի նրան տանել իմ սենյակը, տալ նրան տարրական հարմարություններ մեղմացնելու նրա դառնությունը:

Ճաշելուց հետո --Ասատուր, գնանք ինձ մոտ, կապրես ինձ հետ մինչև մի գործ ճարես:

--Ախ, այդ գործը... Այս վիթխարի քաղաքում գործ չկա, եթե ինքնաշարժներ չլինեին, ես ինքս կառք կքաշեի և կապրեի, այս մարմինը ձիու մարմնի պես կարող է դիմանալ, բայց մեքենան խլել է մարդու բոլոր իրավունքները:

--Մի մտածի,գործ կգտնես, միայն թե հարկավոր է ապրելու հնարավորություն ունենալ, ինձ մոտ կապրես, և կստեղծվի այդ հնարավորությունը, մի մտածիր:

--Վաղուց էի քեզ փնտրում,ես համոզված էի,որ դու ինձ համար կանես այն, ինչ մանկությունն է պարտադրում:

--Տունը ինչ վիճակի մեջ է, հայրդ, մայրդ:

--Մայրս մեռավ,հայրս փուռը ծախել է և հիմա ուրիշի համար է աշխատում, պարտքի տակ խեղդված է:

--Ես քեզ փող տամ, ուղարկիր հորդ,- ասացիր:

Ասատուրը չկարողացավ իրան զսպել, վեր կացավ,փաթաթվեց վզովս ու համբւրեց ինձ:

Ասատուրի համբույրն անկեղծ էր ինչպես սեփական որդու համբույրը:

Ուղևորվեցինք տուն :

Առաջարկեցի տաքսիով գնալ:

--Ավելի լավ է գետնի տակով գնանք,- պատասխանեց Աատուրը:

Ես արդեն տաքսին կանչել էի, մտանք ներս:

Ասատուրը ճանապարհին գլուխը կախ արել, նա պատասխանեց:

--Ատում եմ ես այդ քաղաքի լույսերը:

--Ճիշտ է, հարուստ,ճոխ,շռայլ քաղաք է, բայց անհրապույր, սառը:

--Կյանքումս այսքան չեմ ատել հարստությունը -ասաց Ասատուրը,-դու գիտես, որ երկրում էլ եղել եմ կես աղքատ, բայց կարծես հիմա եմ զգում, թե ինչ է աղքատությունը և ինչ է հարստությունը: