Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասանք Բրուկլինի իմ բնակարանը, վառեցինք սենյակի պատի օջախը և նստեցինք դիմաց։ Օջախի վառվող քարածուխի կարմիր լույսի տակ Ասատուրի նայվածքը ամբողջովին պայծառացավ։

--Ախ, ախ, --հառաչեց Ասատուրը, -- Եգիպտոսում ես ապրեցի իմ կյանքի լավագույն օրերը։

--Ինչու Եգիպտոսում այդքան երկար մնացիր, չէ՞ որ Ամերիկա էիր գալու։

--Եգիպտոսում ես պատահաբար մնացի, բայց ցանկանում էի ամբողջ կյանքս այնտեղ անցկացնել։

--Գործդ լա՞վ էր։

--Շատ լավ։

Ալեքսանդրիայում պետք էր նավի սպասեի գալու համար, --պատմեց Ասատուրը, -- գնացի մի տուն սենյակ վարձելու, որպեսզի շատ չվճարեմ։ Պանդոկները թանկ էին։ Վարձեցի մի սենյակ և մնացի այնտեղ ամբողջ երեք տարի, որովհետև կապեր ստեղծվեցին իմ և տանտիրուհու միջև։ Եգիպտուհի էր իմ տանտիրուհին, թուխ, խոսում էր արաբերեն։ Ես նրան առաջին իսկ օրից սկսեցի Կլեոպատրա կոչել: Նա չէր ճանաչում պատմական Կլեոպատրային, բայց երբ պատմեցի նրան Կլեոպատրային պատմությունը, ասաց.

--Ես ինչո՞վ նման եմ իմ հինավուրց հայրենակցին։

--Դու շատ ես նման նրան, թեև նա սպիտակ էր, բայց հոգով թուխ էր, արևակեզ՝ ինչպես դու:

Կլեոպատրան ամուսնացած էր մի հույնի հետ, որը սուրճի վաճառական էր: Հույնը մեծ փոր ունոր և վիթխարի ախորժակ, միշտ զբաղված էր իր սուրճի հաճախորդներով: Նախքան իմ այդ տունը մտնելը՝ Կլեոպատրան մենակ էր ապրում, մենակ՝ ինչպես մենավոր ծառը հեռավոր հովտում: Նրա ամուսինը գրեթե անկապ մի մասնիկ էր տան մեջ: Երբ առաջին անգամ մտա այդ տունը և սենյակ խնդրեցի Կլեոպատրայից, ժպտացին նրա հարավի սև աչքերը: Ժպտալիս կարծես սպիտակ ծաղկի թերթեր թափվեցին նրա աչքերից, այդ ժպիտը նման էր մթում հանկարծ երևացող լույսի:

--Թեև վարձու սենյակ չենք տալիս, բայց ձեզ համար կարելի է սենյակ տրամադրել,-- ասաց Կլեոպատրան: