Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու Հրդեհ

1

Բնակվում էի միստր Ռիգզի տանը։ Մի. Ռիգզը մարդկային այն շատ բնական և հասարակ կատեգորիաներից էր, որ լինում են շատ հիմար, բայց չեն իմանում։ Ւնձ հետաքրքրողն էլ հենց այդ բնականն ու հասարակն էր: Մի. Ռիգզը կլոր, գեր, կարմիր էր, իսկ տիկին Ռիդզը՝ նիհար, երկարահասակ և խոշոր, ցցված ու երկար ատամներ ուներ։

Մի. Ռիգզը հարավցի էր, նրա հայրը բարձրաստիճան զինվորական էր եղել Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմում չարաչար կերպով պարտված հարավի բանակում։ Ամբողջ ութ ամիս իմ հաճախակի պատահումներին՝ մի. Ռիգզը միայն մի նյութի մասին էր խոսում՝ իր հայրը, նրա քաջագործությունները պարտված բանակում, ապա և նրա պլանտացիաների անսահման տարածությունը և քաղաքացիական պատերազմով իր հոր կալվածատիրական տնտեսության ավերումը։ Երբ մի. Ռիգզը հասնում էր իր պատմության վախճանին, նրա ձայնը դողում էր, անկեղծորեն ապրում էր մի ողբերգություն, որը հատուկ է այն մարդկանց, որոնք հարուստ ժառանգություն են երազում և սեփական աշխատանքը համարում են իրենց քնանրությանն անհարմար: Ռիգզի պատմության այդ վերջին մասն էր, որ ինձ չափազանց հետաքրքրում էր, որովհետև տիկին Ռիգզը լացակումած աչքերով մոտենում էր իր ամուսնուն, բռնում էր նրա գլուխը և ուզում էր համբուրել նրան, բայց չէր հաջողում, շրթունքներն իրար չէին հասնում, մի. Ռիդղն էր, որ համբուրում էր իր կնոջ ատամները։