Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտուրներից, փողոցի անկյուններից, հռհռում էին և լրբորեն ճչում.

— Պարոն Բաղդասար, եկավ...

Ի՞նչ էր ուտում այդ նախկին մարդը, որտե՞ղ էր քնում, ոչ ոք չէր իմանում։ Նրա եղունգները կարճանում էին կոտրվելուց, մազերը երկարում էին անվերջ՝ կեղտոտ և այլանդակ։ Մինչև հիմա էլ, երբ հիշում եմ, սարսուռ եմ զգում, մարմինս փշաքաղվում է։

Պարոն Բաղդասարը մենակ չէր։

Կար մի թուրք խենթ, որ սովորաբար շատ հանգիստ և խելոք մարդ էր, գիտեր նորմալ խոսել ամեն մի նյութի մասին, բայց հանկարծ գազանանում էր և դեմը գտնված ամեն ինչ կոտրում ու փշրում։ Նա գազանանում էր, որ մեկնումեկը «ֆըստ» էր ասում նրան։ Հենց որ «ֆըստ» բառը լսեր, բոլորովին այլանդակվում էր։ Իսկ «ֆըստ» բառը ոչ մի նշանակություն չուներ, լոկ բացականչություն էր։ Այս խենթը պարոն Բաղդասարից այն տարբերությունն ուներ, որ սա խղճալի չէր, սրանից մարդիկ ահաբեկված և սարսափած փախչում էին։ Այս խենթը հանգստանում էր այն ժամանակ, երբ մի քանի մարդկանց ծանրորեն վնասում էր, խանութների առաջ վաճառքի հանված մրգերի դեզերն էր կործանում կամ ապակիներն էր ջարդում։

Այդ բոլորից հետո՝ նրա կատաղության հևքը սկսում էր մեղմանալ, բայց հանկարծ մի կլասիկ ցինիկ նորից «ֆըստ» ճչում, միևնույնը կրկնվում էր ավելի դաժան և անճոռնի պատկերներով։

Կար մի աղջիկ, այլանդակ գլխով, մազերը գզգզված և կեղտոտ, փեշերը վեր քաշած, անվարտի, ճաքճքած և սևացած սրունքներով։ Կանգ էր առնում յուրաքանչյուր անցորդի առաջ, անճոռնի և դիվային ծիծաղում։

Հայրս երբ տուն գար և մերժեր ճաշել, մենք բոլորս էլ իմանում էինք, որ պատահել էր այդ աղջկան։

Կար մի ուրիշ խենթ, որ ամեն օր ընտրում էր մի փողոց և այդ փողոցի մի որոշ կետից մի ուրիշ կետ անընդհատ գնում էր ու գալիս, խոր մտածմունքների մեջ ընկղմված, ձեռքերը ետին կապած, բացարձակորեն հանգիստ, երբեք