Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուշադրություն չդարձնելով շրջապատի բղավոցներին, միայն երբեմն կանգ էր առնում, մի կնոջ նայում, շատ թեթև և հեգնական ժպտում և ապա նորից խորասուզվում մտքերի մեջ՝ շարունակելով երթևեկը գերագույն անդորրությամբ։ Այս խենթը բնիկ չէր, ոչ ոք չէր իմանում, թե որտեղի՛ց էր եկել, կարճահասակ էր, գիրուկ, հաստ, կլոր, կարմիր թշերով և շեկ մազերով։

Եթե նրան հաց տվող լիներ, հանգիստ կերպով ընդունում էր և կանչում էր շներին՝ փրթում էր նրանց ամբողջ հացը։ Սպասում էր, որ ուտեն, պրծնեն, ապա հոնքերը կիտում էր, խորասուզվում և սկսում քայլել։

Շատ և բազմատեսակ էին խենթերը ու գնալով բազմանում էին։ Ոչ ոք չէր նախաձեռնում, որ հավաքեն, խնամեն։ Չէին տեսել, չէին էլ զգում։

Լավ հիշում եմ, երբ Ամերիկայից մեկը եկավ և հայտնեց, որ այնտեղ հավաքում են խենթերին ու պալատների նման տներում խնամում, բոլորը զարմացան և ասացին.

— Թոաֆ[1] երկիր է եղեր Ամերիկան, հա՜ ...

Մի օր հայրս ինչ-որ բանից ջղայնացած հայտարարեց,— «Հիմա կխենթանամ», ես սարսափեցի. անմիջապես պատկերացրի, որ հայրս էլ կարող էր ընկնել փողոց...

Խենթերը... ինչքան շատ էին։

Մեկը կար, որ երևութապես խելոք էր, բայց ի՜նչ խենթ — յոթ տարի նա ձեռները գրպանից դուրս չէր հանել, բռունցքի նման ծալած՝ կոխել էր գրպանները։ Մի անգամ մի քանի ուժեղ տղամարդիկ հավաքվեցին և բռնի կերպով դուրս բերին ձեռքերը. ամբողջովին բորբոսնած էին, ամբողջովին բամբակ կապած՝ հողի տակ մնացած դիակի նման։ Նրան կերցնում էին իր երկու աղջիկները և միակ դժբախտ որդին։

Մի ուրիշ խենթ յուրաքանչյուր օր բարձրանում էր մի բարձր կտուր, նստում էր քիվի վրա, ոտները կախելով ներքև և սպառնում էր ընկնել։ Ոչ ոք չէր կարող մոտենալ — միգուցե իսկապես իրեն գցեր ներքև։ Վերջ ի վերջո մի օր, կորցնելով հավասարակշռությունը, ընկավ երեք հարկանի կտուրից

  1. Տարօրինակ։