և տեղնուտեղը տափակացավ։ Ես տեսա, որ նրա ուղեղն ամբողջ դուրս էր թափվել։
Պատահում էր, որ մի որևէ գժված մարդ ընտանիք և ազգականներ ունենար։ Նրանք չէին թողնում, որ խենթը դառնար փողոցի սեփականություն, պահում էին տանը և խնամում»։ Ի՞նչ էին անում։ Կապկպում էին նրան, մի ուժեղ և անգութ մարդ վարձում, որ ձգեր դժբախտին տան ներքնահարկը — փայտանոցը կամ ածխանոցը — և սկսեր փայտով անվերջ ծեծել։ —
— Բաշխա բիչիմ խելքը գլուխը չի գար,— ասում էին «խելոքներ»։
Եվ արաղով և ուտելիքով հյուրասիրում էին այդ վարձկանին, որպեսզի ավելի սիրտ առնի ու եռանդով ծեծի։
— Դուք ընծի ցած աչքով մի հայեք, կխելոքցնեմ,— հայտարարում էր վարձկանը և իջնում ներքնահարկը նոր եռանդով։ Ներքնահարկն իջնելուց հետո՝ սկսում էր անասնական բառաչը, որովհետև փայտ էր, որ կոտրտվում էր դժբախտ մարդու ոսկորների վրա։
Միակ բժշկական մեթոդը, որ գոյություն ուներ այդ հին, հին երկրում։
Մի ամառ, հանկարծ, մեր քաղաքում հայտնվեց մի մարդ՝ մերկ սրունքներով, բոբիկ, գլխաբաց, աղվեսի մի մորթի հագին, որ մինչև ծնկները չէր հասնում, ձեռքին երկար, իր հասակից բարձր մի գավազան, երկաթե բարակ շղթայով թևից կախ արած մի քաշքուր, մորթը թուխ, ինչպես արաբ կամ հնդիկ, ցանցառ, բայց սիրուն, սրածայր միրուքով, ճակատին խալ, կարմիր և կրքոտ շրթունքներով։ Այս մարդը չէր խոսում, միայն ման էր գալիս և փող հավաքում իր քաշքուրով։ Շուտով լուր տարածվեց, որ աստծու հրամանով յոթ տարուց հետո այս մարդու լեզուն պիտի բացվի, և աստվածը վերջին պատգամը պիտի տա մարդկության՝ նրա բերանով։
Եթե չէր կարող խոսել, ո՞վ, որտեղի՞ց, ինչպես իմացվեց