այս մարդու համրության միստերիան. ոչ ոք չհարցուփորձեց։
Եվ այս մարդը, որ կարծվում էր, թե եկած կլիներ հարավի երկրներից, դարձավ ընդհանուրի հարգանքի առարկա։ Նրա հարգանքն ավելի և ավելի մեծացավ, երբ տեսան որ շահամոլ չէ, ինչ որ չէր տեղավորվում իր փոքրիկ քաշքուրի մեջ, չէր վերցնում, թեկուզ դա լիներ շատ թանկագին իր։ Այսպես, մարդիկ ստիպված էին միայն փող տալ՝ մինչև անգամ ոսկի փող։
Գիշերները նա քնում էր թրքական գերեզմանոցում, մի փոքրիկ վրանի տակ, աղոտ մի լույս պլպլացնելով։ Ասում էին, որ գիշերներն աղոթում է և երբեք չի քնում։ Ցերեկը ման էր գալիս, գիշերը չէր քնում, իսկ ո՞վ էր հարց տալիս նրան, թե նա ինչպե՞ս է ապրում։
Յոթ տարի չպիտի խոսեր, յոթ տարի չպիտի քներ, յոթ տարի պիտի աղոթեր միայն —յոթ տարուց հետո մարդկությունը պիտի լսեր աստծո նոր խոսքը։
Ամեն օր նա բարձրանում էր քաղաքի մարմարյա մզկիթի մինարեն, ամբողջ մի ժամ աչքերը հառում էր երկնքին, ձեռքերը կրծքի վրա ծալած և գավազանը գրկած։ Ներքևում մեծ բազմություն էր հավաքվում և դիտում։ Ծայր էր առնում առասպելների մի շարան՝ աստծո հետ է խոսում, հենց աստված կողքին կանգնած է, բայց մեղավոր մարդկությունը չի կարող տեսնել։
Շատերը մինչև անգամ ասում էին, որ այն, ինչ երևում է, դա նրա լոկ պատկերն է, ինքը թռել է աստծու մոտ և շուտով կվերադառնա։
Բայց քաղաքում գտնվող մի քանի ժուլիկներ չթողին, որ յոթ տարուց հետո մարդկությունն արժանանա աստծո նոր պատգամին, և մի գիշեր, գուշակելով, որ այս մարդու աղվեսի մորթու տակին բավականին խոշոր գումար հավաքված կլինի, հարձակվեցին վրան ու կողոպտեցին։
Գողերը չբռնվեցին, բայց նրանց պատմությունը տարածվեց քաղաքում։
Եվ այդ պատմությունից պարզվեց մի բան, ամենաէականը, պարզվեց, որ աստծո հրամանով համրացած մարդը