Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարսափելի կերպով հայհոյելիս է եղել իր վրա հարձակվող գողերին և ոգի ի բռին աշխատելիս է եղել — աստծո նվիրված այս մարդը — չհանձնել փողը։ Այն բազմաթիվ մանր փողերը, որ նա հավաքելիս է եղել, վերածել է ոսկու։ Գողերը ոչ մի մանր փող նրա մոտ չէին գտել։

Կողոպտվելու հաջորդ օրն իսկ այդ մարդը չերևաց մեր քաղաքում։ Այն գնալն էր։ Ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ՝ ոչ ոք չիմացավ։


* * *

Սրա կապակցությամբ ես կպատմեմ մի այլ դեպք մի այլ դեմքի մասին։

Ամերիկայից մեր քաղաքն ընկավ մի բնիկ ամերիկացի՝ մր. Ջեյկըբ անունով։

Այս մր. Ջեյկըբը մի բողոքական միսիոնար էր, որ սուրբ հոգի էր բաժանում։

Ոչ ավել, ոչ պակաս՝ սուրբ հոգի էր բաժանում։

Ինչպե՞ս էր անում։

Հավաքում էր բողոքական հասարակությունը ժողովարանում, անգլերենով քարոզ էր կարդում (մեկը թարգմանում էր), քարոզից հետո, աչքերը փակ, աղոթում էր, ձեռքերը տարածած օդում, աղոթքից հետո՝ մի քանի րոպե խստագույն լռություն էր ազդարարում և ի վերջո հայտարարում.

— Ով որ սուրբ հոգին ստացավ՝ թող ոտի կանգնի։

Սկզբները քիչ թվով, բայց հետագայում բազմություններ էին ոտի կանգնում։ Ոչ ոք չէր կարող բացատրել, թե ինչ էին զգում, երբ «սուրբ հոգի» էին ստանում, բայց կանգնում էին, կանգնում էին մասսայաբար։

Սուրբ հոգի առնողներն ինչ որ փող ունեին գրպանները դատարկում էին մր. Ջեյկըբի գանձարանը։ Այդ գանձարանն ստեղծված էր, որպեսզի հնարավորություն տրվեր մր. Ջեյկըբին սուրբ հոգին տարտղնելու ամեն տեղ։

Գտնվեցին մի քանի բողոքականներ, որոնք աշխատեցին